Մատչելիության հղումներ

Վարդենիսցին տուժվավ, դարձավ անգործ․ Վարդենիսի բնակիչ


Վարդենիսում ապրողները հենց իրենց սահմանին կատարվող իրադարձություններին արձագանքում են հիմնականում ըստ քաղաքական նախասիրությունների. իշխանության կողմնակիցները վստահ պնդում են ՝ ադրբեջանցին հայկական հող չի մտել, եթե մտել է ՝կհեռանա շուտով, ընդդիմության համակիրները տագնապում են՝ եթե այսպես շարունակվի, ստիպված են լինելու արտագաղթել։

«Շատ վատ ա, շատ։ Տեր չունենք, տիրական չունենք։ Վերին Շորժան անտեր․․․ դուք էլ եք տեղյակ, մենք էլ։ Խայտառակ վիճակ ա», - ասում է միջին տարիքի մի վարդենիսցի։

Վերին Շորժայում ադրբեջանցիներ չկան, ոչ միայն իր համաքաղաքացուն, նաև պաշտոնական տեղեկատվությունն են հերքում Վարդենիսի զբոսայգում հավաքված տղամարդիկ։

«Վարդենիսում թուրք գոյություն չունի։ Էրեկ մեր ջահելները գնացած, Վերին Շորժայից լրիվին լարած։ Էստե թուրք ո՞նց կարա մտնի, վարդենիսցիները մեռա՞ծ են։ Մեռած չե՛ն, վարդենիսցիները լրիվ ոտի վրա են, վարդենիսցիների ցավը տանեմ», - «Ազատությանն» ասաց նրանցից մեկը։

16 օր է ադրբեջանցիները նաև դեպի Կութ են խորացել․ ըստ համայնքապետի՝ ինժեներական աշխատանքներ են սկսել հայկական հողում։

Մինչդեռ կութեցի Էդիկ Շվոյանը վստահ է․ - «Խորացել են, ոչինչ։ Ետ կէթան։ Հետ կէթան, պըտի մնա՞ն։ Կէթան, շուտով կէթան»։

Նրա խոսքով, ժողովուրդը ստից խուճապ է է տարածում, ինքն էլ թոռների հետ Կութ վերադարձավ։ Այս գյուղ մուտքը լրագրողների համար փակ է անվտանգության նկատառումներով։

Էդիկ Կարապետյանը Շվոյանի չափ լավատես չէ, չգիտի ադրբեջանցիներն առաջ կգան, թե հետ կգնան․ - «Ղեկավարությունը պիտի դրա մասին մտածի, վարդենիսցին ի՞նչ անի։ Վարդենիսցին շատ-շատ պըտի հեռանա, թողա ամայի ստե, էթա։ Կռուգավոյ թուրքերով շրջապատված են, ի՞նչ պըտի անի վարդենիսցին»։

Վարդենիսցի Սեյրան Գրիգորյանը հարցերին աշխարհաքաղաքական դիտակետից է նայում․ - «Մեր փոքր պետությունները չեն էս հարցը լուծելու։ Մեծ գերտերություններ կան, որ էս հարցերը կարան կարգավորեն»։

Նրա կարծիքով, աշխարհի մեծամեծերի խաղից վարդենիսցին է տուժում․ - «Լարված ա։ Սահմաններում թուրքերն էկել, արոտավայրում են։ Պըտի էդ մարդիկ էդ արոտավայրից օգտվե՞ն, անասո՞ւն պահեն․․․ չեն կարա։ Վաղը էդ խոտը չեն կարա բերեն, անասունին չեն կարա պահեն։ Վարդենիսցին տուժվավ, դարձավ անգործ։ Պիտի դուրս գա․․․․»

Աշիկ Ղարիբյանը առավոտյան ոչխարների հոտն առած վերադառնում էր արոտավայրից։ Ասում է արդեն անվտանգ տեղ չի մնացել, Վարդենիսի սարատեղիներում են ադրբեջանցիները․ - «Վախենամ, չեն էթա ես, չեմ տանի սարի տակ․․․ անասուններնս տանեմ ընտեղ թողեմ, գա՞մ»։

Ղարիբյանը հովիվ է, վերլուծությունների սիրահար չէ, մտածում է՝ եթե անասուն պահելն այլևս ձեռնտու չէ , գոնե մի գործ գտնի Վարդենիս ծննդավայրում․ - «Ջհանդամին պահենք, անասուն ա, ծախենք-վերացնենք, բայց մենք մնանք։ Ո՞ւր էթանք․․․ մեր հող ու ջրից ո՞ւր էթանք»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG