Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հարձակումների թիրախում հայտնված Սոթքի բնակիչ Վարդուհի Գրիգորյանն ամուսնու և անչափահաս 2 որդիների հետ 10 օր առաջ է վերադարձել տուն... դժվարությամբ է տուն անվանում այն, ինչ տեսավ վերադարձին՝ 3 հիմնական պատ, կիսաքանդ տանիք, կոտրված պատուհաններ:
«Տունը ահավոր վիճակ էր, մեր տան պատերն են լրիվ ճաքել, քանդվել, նոր շինարարություն ենք անում, տանիքն էր ահավոր վնասվել, պատուհանները: Հիմա եկել ենք շինարարություն ենք անում, տներն ենք սարքում, ինչ իմանանք՝ կվայելենք, թե՝ նորից հարամ կլինի», - ներկայացրեց Գրիգորյանը:
Սեպտեմբերյան հարձակմանը միայն Սոթքում 8 տուն հիմնահատակ ավերվել է, արկերն ընկել էին տների մեջ։ Ոչ բոլորն են շտապում վերականգնել:
Թեև հրադադար է, բայց գյուղում, վերադարձածների խոսքով, դեռ լսվում են կրակոցներ... զուգահեռ մերթընդմերթ մուրճերն են թխթխկում: Վարդուհու ընտանիքն առաջիններից էր, որ որոշեց ռիսկի դիմել` ժամանակավոր կացարանից վերադառնալով Սոթք, որն այլևս առաջվանը չէ. վտանգն այստեղ ամեն պահի են զգում:
«Հենց մեր դիմացի սարն է թուրքերի պոստերը դրած, լույսերը վառած, գյուղը հսկում են, մենք էլ իրանց հսկողության տակ ապրում ենք՝ լավ կլինի, վատ կլինի, դաժան է», - ասաց Սոթքի բնակիչը:
Սեպտեմբերի 13֊ի մղձավանջից մոտ երկու ամիս է արդեն անցել, բայց մինչև հիմա պարզ հիշում են ամեն մի դրվագ. «Տեսանք գյուղի վրա են հարձակվել, մի կերպ հազիվ հասցրինք փախնենք տներից, էլ չեմ իմանում էրեխեքին ոնց եմ քնից հանում»:
Հիմա տան մի մասում առաջին անհրաժեշտության իրերի, փաստաթղթերի պայուսակն է մի կողմ դրված: Կրակոցների տակ ապրող մարդու կյանքի ռիթմը, Վարդուհու խոսքով, ակամայից փոխվում է:
«Արդեն վտանգավոր գոտում ենք ապրում, չենք կարա ասենք՝ ինչ կլինի ամեն վայրկյան: Հասցրել ենք փախել ենք, հետ են եկել շոր ենք տարել, ի՞նչ իմանանք երկրորդ անգամ կհասցնեն հետ գանք», - ասաց նա:
Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը ամուսնու՝ նախկին պահեստազորային Վանոյի՝ թոշակն է ու տնամերձ հողամասի պտուղ֊ բանջարեղենը։ Վերջին հարձակումը նաև Վարդուհու աշխատանքն է խլել. մինչ այդ գործող զորամասում խոհարարի օգնական էր. «Զորամասը տրաքացրել են, ո՛չ աշխատանք ունենք, ո՛չ բան»:
Ապահովության որևէ երաշխիք պետական այրերը Սոթքի բնակիչներին չեն տվել, միայն դուռ ու պատուհան տեղադրելու փող։ Շինտեխնիկան էլ բարերարներն են բերել. տան տղամարդը՝ Վանոն շտապում է, որ հասցնի մինչև ձմեռ գոնե պատն ու տանիքը կարգի բերի:
«Հողն էլ կվարենք, տունն էլ կսարքենք, փողն էլ կաշխատենք», - իրենց ուժերից վեր են համարում մեկ բան` դա էլ վերևներից են ակնկալում, - «Աստված թող տա խաղաղություն լինի, կսարքենք ու կապրենք»: