Սոթքի ոսկու հանքավայրում դադարեցրել են աշխատանքը։ Արդեն երրորդ օրն է, ադրբեջանցիները կրակում են։
«Շաբաթ օրը առավոտյան դադարեցվել է աշխատանքը հանքավայրում, և մինչ այսօր պարբերաբար կրակոցների հետևանքով աշխատանքները հանքավայրում դադարեցված են», - «Ազատությանը» փոխանցեց «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
Նա հավելեց, որ այսօր առավոտյան փորձել են վերսկսել աշխատանքը, չի ստացվել , մինչև 300 աշխատակցի արագ տարհանել են. - «Երեկ առավոտյան, այսօր առավոտյան և շաբաթ օրը առավոտյան հերթափոխը փորձում է դուրս գալ աշխատանքի, և վերսկսվում էին կրակոցներ։ Եվ անվտանգության նկատառումներից ելնելով տարհանել ենք աշխատակիցներին»։
Սոթքի հանքում աշխատում են հիմնականում հարակից սահմանային բնակավայրերում ապրողները, հանքն ավելի քան 700 աշխատակից ունի։
«Էսօր էկել էինք, որ պըտի աշխատեինք, չեն թողում։ Հենց հանքի շարժը սկսում է, որ պըտի աշխատի հանքը, իրանք չեն թողում», - ասում է աշխատակիցներից մեկը։
Բաց հանքի հատվածն է ռիսկային, որտեղից աշխատակիցները պետք է հումք տեղափոխվեն։ Մեզ հետ զրուցած վարորդը պարապուրդի մեջ էր, մեկ այլ աշխատակից հանքի ներքևի հատվածում էր. - «Հիմա էլ եմ ես աշխատանքի տեղում։ Ես դե ներքևն եմ աշխատում, մի քիչ վերևը չեն թողում, որ հըմի քշեմ։ Հենց հըմի էլ որ մենք հերթափոխ ենք արել, ավտո ա հելնում վերև, որ պըտի աշխատի, չեն թողում»։
Պաշտպանության նախարարությունը հանքավայրի ուղղությամբ կրակոցները հաստատում է մասամբ. ոչինչ չեն ասում շաբաթ օրվա մասին։ Այսօր տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում են երեկվա կրակոցների մասին. - «Ապրիլի 16-ին, ժամը 22:50-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»:
Պաշտոնական Բաքուն հերքում է՝ սուտ համարելով այն, թե իրենք կրակել են Բասարքեչարի շրջանի Զոդի՝ այսինքն Վարդենիսի Սոթքի ուղղությումբ։
44-օրյա պատերազմից հետո, երբ Քարվաճառի շրջանը հանձնվեց Ադրբեջանին, հանքավայրը կիսվեց։ Այժմ հայ-ադրբեջանական սահմանն անցնում է հենց հանքավայրի տարածքով։