Մատչելիության հղումներ

Մինչ սահմանին կրակոցները չեն լռում՝ Սոթքում մարդիկ սեպտեմբերյան արկերի հետևանքներն են վերացնում


Ռազմական գործողությունների հետևանքները Սոթքում, սեպտեմբեր, 2022թ.
Ռազմական գործողությունների հետևանքները Սոթքում, սեպտեմբեր, 2022թ.

Սահմանամերձ Սոթքում կրակոցներ գրեթե ամեն օր են լսվում, սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից ամենաշատը տուժած այս համայնքում մարդիկ ընդամենը մեկ բան՝ անվտանգություն են ուզում։

Վերջին օրերին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է Գեղարքունիքի մարզի այս շրջանում հրադադարի ռեժիմի խախտումների մասին, ադրբեջանական կողմն էլ իր հերթին Երևանին է մեղադրում։ Բաքուն օրերս հայտարարել էր, թե այս ուղղությամբ հայկական կողմը լրացուցիչ ուժեր է կուտակում։ Երևանը պարզաբանել էր, որ այդ քայլերն իրականացրել է ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո և դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ:

Ռազմական գերատեսչությունը հայտնել էր՝ եթե ադրբեջանցիները դուրս բերեն իրենց միջոցները, հայկական կողմն էլ դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները, պատրաստակամություն հայտնելով բանակցել այդ հարցի շուրջ։ Բայց բանակցությունների մասին երկու օր է ոչինչ հայտնի չէ։

Այս ընթացքում Սոթքում շինարարություն է ընթանում։ Ռազմական գործողությունների հետևանքով այստեղ շուրջ 150 տուն է վնասվել, ընդ որում՝ 50-ը ամբողջությամբ, պետք է նորոգել կամ նորը կառուցել։ Այս աշխատանքների համար կառավարությունը անհրաժեշտ միջոցների մի մասն է առայժմ հատկացրել գյուղացիներին։

«Ամբողջ ապակիներն են ջարդվել, պատերն են ճաքել, կազմակերպություն է եկել մարզպետարանից, գնահատել են, գումարի որոշակի մասը՝ 50 տոկոսը փոխանցել են, շինարարության որոշակի հատվածից հետո էն 50 տոկոսն էլ են փոխհատուցելու: Վնասը գնահատել են 690 ու 700 հազար: Երկու ավտոները 300 հազար, 400 հազար էլ լուսամուտները, 700 եղավ, արդեն մնացածը չգիտեմ 300, թե 400 ինձանից պետք է գնա», - ասաց բնակիչներից մեկը:

Սեպտեմբերի 13-ի ուժգին հրետակոծության ժամանակ շուրջ 1000 բնակիչ ունեցող Սոթքից գրեթե բոլորն էին գնացել, մեկ ամսվա ընթացքում մի մասը վերադարձել է:

«Բնակիչները հիմնականում վերադառնում են իրենց բնակարանները, այս պահին թիվ չեմ կարող ասել, որովհետև փոփոխական է, բայց վերադարձ կա: Աշխատանքները իրականցվում են լայն թափով, կառավարության կողմից հատկացված կենսական միջոցները տրվել են արդեն բնակիչներին, առաջին փուլն արդեն վերջացրել ենք, հիմա երկրորդ փուլն ենք իրականցնում», - ասաց քաղաքապետարանից:

Սոթքը խոշորացված Վարդենիսի մաս է կազմում։ Համայնքապետի տեղակալ Կարեն Մկրտչյանը վստահեցրեց՝ եթե եղանակը չխանգարի, մեկ ամսում շինաշխատանքները կավարտեն։ Պաշտոնյան սահմանին տիրող իրավիճակի մասին խոսել չցանկացավ, միայն ասաց՝ կայուն դրություն է:

Մինչ սահմանին կրակոցները չեն լռում, Սոթքում մարդիկ մի կողմից սեպտեմբերյան արկերի հետևանքներն են վերացնում, մյուս կողմից ասում՝ «մեկ է չգիտենք՝ վաղն ինչ է լինելու»։

XS
SM
MD
LG