Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի կայունացմանն ու երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը բախվում են պաշտոնական Բաքվի չդադարող ագրեսիվ հռետորաբանությանը և շարունակական ռազմական ոտնձգություններին, հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին։
Որպես դրանց հերթական դրսևորումներից մեկը Արարատ Միրզոյանը նշել է ապրիլի 11-ին ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում իրականացված սադրանքը, ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն չորս ամիս շարունակվող ապօրինի արգելափակման համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանը ներգրավված բոլոր կողմերից ակնկալում է գործուն քայլեր՝ ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև Արդարատադության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման անշեղ կատարման, Լաչինի միջանցքով տեղաշարժի վերականգնման ուղղությամբ՝ խստագույնս հետևելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին», - ասված է հաղորդագրության մեջ։
Անդրադառնալով եռակողմ հայտարարության մյուս դրույթների խախտումներին՝ նախարարը մատնանշել է, որ հակառակ միջազգային հանրության, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների բազմաթիվ կոչերի՝ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ նրանց նկատմամբ իրականացնելով շինծու դատավարություններ և ենթարկելով անմարդկային վերաբերմունքի:
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող նիստին իր ելույթում Միրզոյանը նշել է, որ չնայած բոլոր դժվարություններին, հայկական կողմը հավատարիմ է առկա հանձնառություններին և պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար:
Հայաստանի ռազմական գերատեսչությունն ապրիլի 11-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, ինչին հայկական կողմը համարժեք պատասխանել է: Հաջորդած գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, Բաքուն հայտնում է իր 3 զոհի մասին: Ժամեր անց հաղորդվեց իրավիճակի հարաբերական կայունացման մասին: Ադրբեջանը հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման համար: