Մատչելիության հղումներ

ՌԴ ԱԳ փոխնախարարը Երևանում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի և փոխնախարարների հետ


Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ լրատվականի

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Հայաստանի գործընկերներ Վահե Գևորգյանի և Մնացական Սաֆարյանի հետ խորհրդակցություններում ընդգծել է հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը, հաղորդում է ՌԴ արտգործնախարարությունը:

Խորհրդակցությունները տեղի են ունեցել երեկ Երևանում։ Հայաստանի արտգործնախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ վստահության մթնոլորտում տեղի է ունեցել մտքերի փոխանակում արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով համագործակցության հետագա խթանման, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, հայ-ռուսական հումանիտար կապերի առաջմղման հեռանկարների, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցերի շուրջ: Կողմերն ընդգծել են միջազգային հարաբերությունների՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերի քննարկման պրակտիկայի շարունակման կարևորությունն ու տրամադրվածությունը:

Խորհրդակցությունների ավարտին Գալուզինին ընդունել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: «Պաշտոնական Բաքվի սադրիչ հայտարարությունների և ագրեսիվ գործողությունների հետևանքով տարածաշրջանում ձևավորվող վտանգավոր իրավիճակի, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող միջանցքում անցակետի տեղադրման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում, ՀՀ ԱԳ նախարարի կողմից շեշտվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման ուղղությամբ Հայաստանի դաշնակիցների և գործընկերների կողմից հստակ արձագանքի և գործուն քայլերի անհրաժեշտությունը», - ասված է հայկական կողմի հաղորդագրությունում:

Հանդիպումների մասին Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում մասնավորապես ասված է. - «Մանրամասն քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում իրավիճակի սրման համատեքստում, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղիները նախանշվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021-ի նոյեմբերի 26-ի և 2022-ի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածություններին համապատասխան»։

Ըստ ՌԴ արտգործնախարարության՝ դիվանագետները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ, նշել են ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության դրական դինամիկան:

XS
SM
MD
LG