Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտում միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին։

Սրանով միջազգային հանրության տարբեր դերակատարների պահանջ է ներկայացվում ապահովել Արցախի ապաշրջափակումը, ինչպես նաև մի շարք այլ քայլերի իրականացումը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի որոշումներին համապատասխան:

«Ողջունելի է այս քաղաքացիական նախաձեռնությունը, որը մեր հավաքական կամքի ու ձայնի ներկայացման արդյունավետ ձևերից մեկն է», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ղեկավարը։

Արցախի տեղեկատվական շտաբը երեկ հայտնեց, որ ադրբեջանական կողմը 14 ժամ շարունակ Շուշիի մոտ կանգնեցրել է հումանիտար բեռներ մատակարարող խաղաղապահների մեքենաները, «Ադրբեջանի կառավարության քաղաքացիական հագուստով գործակալներին արդեն բացեիբաց փոխարինել են ուժային մարմինների աշխատակիցները»:

Ադրբեջանական կողմը ապրիլի 23-ին փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը և անցակետ տեղադրել այնտեղ: Անցած տարվա դեկտեմբերից էլ էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները փակեցին Շուշի-Քարինտակ հատվածը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG