Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ քննարկել է տարածաշրջանում կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ հարցեր:
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուի Բոնոն:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի մոտեցումները, այդ թվում՝ համապարփակ ու կայուն խաղաղության հասնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման վերաբերյալ:
Միրզոյանը վերահաստատել է խաղաղության գործընթացին Հայաստանի հանձնառությունը՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից առավելապաշտական նկրտումներից, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունից ու ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրամայականին:
Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, այդ թվում՝ ռազմավարական երկխոսությանն առնչվող հարցերի շուրջ:
Էրիկա Օլսոնը Հայաստանում է տարածաշրջանային այցով։ Պետքարտուղարի փոխտեղակալը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։