Մատչելիության հղումներ

«Արցախում անձանց կյանքի և այլ իրավունքներն ամենօրյա ռեժիմով խախտվում են»․ Պաշտպանը՝ ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալին


Արցախում անձանց կյանքի, անվտանգ միջավայրի, կրթության, առողջության պահպանման, սեփականության և այլ իրավունքներն ամենօրյա ռեժիմով խախտվում են, երեկ Վաշինգտոնում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ հանդիպման ժամանակ։

Գրիգորյանը կիսվել է Լեռնային Ղարաբաղում ապրող անձանց իրավունքների վիճակի մասին իր ունեցած տեղեկություններով՝ ներկայացնելով նաև արցախահայության նկատմամբ էթնիկ ատելության ադրբեջանական քաղաքականության չդադարող դրսևորումները։

Պետքարտուղարի փոխտեղակալը նաև հետաքրքրվել է ոստիկանության ոլորտի բարեփոխումների ընթացքից։

Մարդու իրավունքների պաշտպանության այլ հարցերի թվում Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է նաև ատելության խոսքի դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը։ Կողմերը նախանշել են համագործակցության կոնկրետ ուղղություններ։

Հանդիպում Կոնգրեսի հայկական հանձնախմբի մի շարք անդամների հետ

Քիրիստիննե Գրիգորյանը երեկ ԱՄՆ Կապիտոլիումի շենքում հանդիպում-քննարկում է ունեցել նաև Կոնգրեսի հայկական հանձնախմբի մի շարք անդամների հետ, որին ներկա են եղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ` Ֆրենք Փալլոնը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալադաոն, Ջուդի Չուն, Լինդա Սանչեսը, Գրեյս Մենգը և Ջոն Սարբեյնսը։

Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու այլ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը՝ շետելով, որ դա Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություն է։ Հումանիտար հարցերի շարքում Գրիգորյանը ներկայացրել է անհետ կորած անձանց ընտանիքների և տեղահանված անձանց խնդիրները։

Կոնգրեսականները խնդիրների լուծման ուղղությամբ իրենց ջանքերը շարունակելու պատրաստակամություն են հայտնել։

Հաստատված տվյալներով ՝38 գերի կա Ադրբեջանում։ Նրանց մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Հայկական կողմի չհաստատված տվյալներով` Ադրբեջանում պահվում է ևս 80 հայ գերի։ Մինչև այժմ Ադրբեջանից 150 գերի է հայրենադարձվել։

XS
SM
MD
LG