Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կոչ է անում ակտիվացնել ԼՂ խնդրի համապարփակ կարգավորման ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ

Պաշտոնական Վաշինգտոնը Բաքվին և Երևանին հորդորում է շարունակել և ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրա հետևանք բոլոր չլուծված խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար։ Այս մասին ասված է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման առաջին տարվա կապակցությամբ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունում։

«Այս շաբաթ ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը նշում են Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև 44-օրյա ինտենսիվ մարտերին վերջ դրած հրադադարի հայտարարության առաջին տարին։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում անցած տարվա մարտական գործողությունների ընթացքում զոհվածների և վիրավորվածների ընտանիքներին», - հայտարարում է Պետքարտուղարությունը՝ կոչ անելով վերադարձնել բոլոր մնացյալ պահվող անձանց, ապահովել անհետ կորածների լիարժեք հաշվառումը, տեղահանված անձանց՝ իրենց տները կամովին վերադարձը, հակամարտության տարածքներում համապարփակ մարդասիրական ականազերծումը, միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիությունը նրանց կարիքն ունեցողներին։

«Կոչ ենք անում նաև հետաքննություն իրականացնել մարդու իրավունքների ոտնահարումների և միջազգային իրավունքի խախտումների վերաբերյալ պնդումների հետ կապված», - ասված է Նեդ Փրայսի հայտարարությունում։

Պետդեպարտամենտը հավաստիացնում է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է մնում Հարավային Կովկասում անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագայի ապահովմանը։

Նեդ Փրայսը նշում է նաև, որ ներկայումս տարածաշրջանում է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը՝ բոլոր երեք երկրների հետ երկկողմ հարցեր քննարկելու և տարածաշրջանային համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով։

XS
SM
MD
LG