Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական հերթական առաջխաղացման ֆոնին աշխատանքային այցով Երևան ժամանած Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, այդ թվում՝ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը, հաղորդում են Ռուսաստանի կառավարությունից։
Օվերչուկը նաև տրանսպորտային կոմունիկացիների ապաշրջափակման հարցերով հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է։
Հայկական կողմի հաղորդագրությունում, մինչդեռ, չի նշվում, որ Փաշնյանն ու Օվերչուկը կառավարությունում երեկ տեղի ունեցած հանդիպմանը անդրադարձել են կոմունիկացիաների ապաշրջափակման հարցին։ Գործադրիրից ընդհանրական ձևով են հայտնել՝ Փաշինյանն ու Օվերչուկը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր, նաև՝ առևտրատնտեսական կապերին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ: Գործադիրում կայացած ընդունելությանը ներկա է եղել նաև Հայաստանի փոխվարչապետ, հանձնաժողովի մյուս համանախագահ Մհեր Գրիգորյանը։
«Վստահ եմ, որ այսօր մենք կքննարկենք հարցերի բավական լայն շրջանակ՝ տնտեսական և քաղաքական հարցեր, տարածաշրջանային և միջազգային իրավիճակին վերաբերող հարցեր», - ասել է Փաշինյանը:
Երկաթուղու վերականգնման հարցը կողմերը անցած տարեվերջին Մոսկվայում կայացած տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիների ապաշրջափակման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի 11-րդ նիստին էին քննարկել, որին մասնակցել էր նաև Ադրբեջանի փոխվարչապետ, հանձնաժողովի մյուս համանախագահ Շահին Մուստաֆաևը։ Թե ինչ առաջընթաց կա, այդ հանդիպումներից, պաշտոնապես չի հստակեցվում։
Դեկտեմբերին Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերը շարունակում են աշխատանքը՝ համաձայնեցնելու կոնկրետ ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք թույլ կտան գործարկել երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցությունը։ Այս հայտարարությունից հետո գործնականում փաստացի որևէ տեղաշարժ չի եղել։
Արդյո՞ք Հայաստանի վարչապետն ու ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան հանդիպմանն անդրադարձել են Սյունիքի Տեղ գյուղում ադրբեջանական առաջխաղացմանը կամ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման տված Միջազգային քրեական դատարանին միանալու՝ Մոսկվայի քննադատությանն արժանացած Երևանի մտադրությանը, քննարկվե՞լ է արդյոք գրեթե 4 ամիս շրջափկված Արցախի հարցը։ Ո՛չ Հայաստանի, ո՛չ Ռուսաստանի կառավարություն հաղորդագրություններում այդ մասին չի նշվում։
Հայաստանի կառավարության տարած տեսանյութում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը միայն անդրադառնում է հայ-ռուսական երկկողմ տնեսական համագործակցությանը, շեշտում՝ չնայած տարբեր մարտահրավերներին՝ ներառյալ տնտեսական ճգնաժամերն ու գլոբալ համակարգի փոփոխությունները, 2022-ի Հայաստանի ու Ռուսաստանի առևտրաշրջանառությունը աճել է. - «Մենք շարունակում ենք ամրապնդել մեր համագործակցությունը տնտեսական ոլորտում, և նախորդ տարի փոխադարձ առևտրաշրջանառության աճի շատ լավ ցուցանիշներ ունենք: Ռուսաստանից Հայաստան ներդրումները ևս լավ ընթացքի մեջ են: Մենք իրապես ուրախանում ենք այն հաջողություններով, որ արձանագրում է Հայաստանի տնտեսությունը՝ որպես Եվրասիական տնտեսական միության մեծ տնտեսության մի մաս, և այն առավելությունները, որ տալիս է Միությունը, իհարկե, տեսանելի են»։
Օվերչուկի նախորդ անգամ Երևան էր ժամանել աշնանը՝ մասնակցելու Հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովին:
Ռուսաստանի փոխվարչապետը անցած ամիս աշխատանքային այցով Բաքվում էր։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, նա ադրբեջանցի գործընկերոջ՝ Շահին Մուստաֆաևի հետ մասնակցել է ռուս-ադրբեջանական սահմանի նոր՝ Խանոբա մաքսային անցակետի բացման արարողությանը։ Ալեքսեյ Օվերչուկն այդ օրը ևս տնտեսական թեմաների էր անդրադարձել։