Մատչելիության հղումներ

Մեկնաբանները չեն կարծում, թե Հայաստանը Defender-ի մասնակիցների շարքում հիշատակելը, հետո հեռացնելը տեխնիկական խնդիր էր


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

Արդյո՞ք շփոթմունքի արդյունքում էր Հայաստանը հայտնվել Պենտագոնի Defender -2023 զորավարժությունների մասնակիցների ցանկում։ Ո'չ հայկական, ո'չ ամերիկյան կողմն առայժմ այս հարցը չեն պարզաբանել։

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը նախօրեին ապրիլի 22-ից եվրոպական տասը երկրներում անցկացվելիք այդ զորավարժությունների մասնակիցների շարքում թվարկել էր նաև Հայաստանը, ապա խմբագրել էր հաղորդագրությունը՝ հեռացնելով Հայաստանը:

Երևանն ավելի վաղ չէր մեկնաբանել Միացյալ Նահանգների կազմակերպած զորավարժություններին մասնակցության մասին Պենտագոնի հաղորդումը, և հիմա էլ որևէ պարզաբանմամբ հանդես չի գալիս հեռացման պատճառներ մասին։

Փորձագիտական շրջանակներում քիչ հավանական են համարում, որ մեկ օրվա ընթացքում Հայաստանի հայտնվելն ու անհետանալը Պենտագոնի ցանկում զուտ ամերիկյան կողմի տեխնիկական թերացումն էր։ Բայց նույնիսկ այս դեպքում սա կարող է քաղաքական անհարկի տողատակեր ու հետևանքներ ունենալ։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով, շատ ավելի խնդրահարույց է, եթե Հայաստանը մասնակցության նախնական ազդակներ է տվել, հետո հրաժարվել. - «Նախ քաղաքական կոմունիկացիայի մեղմ ասած՝ թերացման հարց է, ինչը ևս կարող է ունենալ քաղաքական անհարկի հետևանքներ, կամ անհարկի շահարկումների տեղիք տալ։ Սա շատ կարևոր դրվագ էր։ Ես չեմ կարծում, որ տեխնիկական հարց է»։

Արեգ Քոչինյան
Արեգ Քոչինյան

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը չի բացառում ռուսական ճնշման տարբերակը։ Ընդգծում է՝ մասնակցությունը Հայաստանի համար արտակարգ քայլ էր երկկողմ անվտանգային համագործակցության համար. - «Հարցեր է առաջացնում առաջին հերթին իշխանությունների կամային հատկանիշների, նրանց հաշվարկներ կատարելու, հաշվարկներ ձևավորելու ունակությունների հետ կապված։ Երբ որ պահը հասունանում է կոնկրետ գործողություններ անելու, մենք վերջին պահին պետք է քայլ անենք, ապա ինչի՞ ենք մենք ընդհանրապես էդ ամեն ինչը նախաձեռնում, ինչի՞ ենք մենք էդ ամեն ինչը պահում Հայաստանում հանրային դիսկուրսի կենտրոնում»։

Իշխանական պատգամավորներից ոչ մեկն այսօր չցանկացավ խոսել այս թեմայով։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ միայն հաղորդեց, որ Defender 2023-ի փոխարեն Հայաստանն այս տարի կմասնակցի Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող երկու այլ՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին: Հայաստանն ավելի վաղ մասնակցել էր այս վարժանքներին, բայց ոչ Defender-ին։

Քաղաքական վերլուծաբանները կարևորում են միջազգային անվտանգության խոշոր խաղացողների՝ առավել ևս եվրատլանտյան բևեռի հետ հետ հարաբերություններ կառուցելը։

Հակոբ Բադալյանի կարծիքով, նախկինում, երբ ԱՄՆ - Ռուսաստան հարաբերություններն այսչափ լարված չէին, Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ անդամ Հայաստանի համար հեշտ էր բալանսավրոված, բազմավեկտոր քաղաքականություն վարելը։ Հիմա Երևանը մի կողմից պետք է է'լ ավելի չբարդացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ հասկանա, որ եթե մյուս խոշոր խաղացողները Կովկասում դերակար են փորձում դառնալ, ինչ պատասխանատվություն են ստանձնում. - «Որովհետև Հայաստանի համար շատ կարևոր է, պահպանելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ նաև բավական արդյունավետ հարաբերություն կառուցել, եթե պատկերավոր ասեմ՝ համաշխարհային պատերազմի մյուս կողմի հետ, որպեսզի Հայաստանն առավելագույնն անի էդ երկու կողմերի միջև չսեղմվելու համար։ Երևանի պետք է փորձի պահել էդ հարաբերությունը և կառուցել սերտ հարաբերություն նաև անվտանգության համակարգերի առումով առաջատար բևեռի հետ։ Առավել ևս, որ այսօր մենք տեսնում ենք Կովկասում էն ռիսկերը, որ կա, և էս ռիսկերի չեզոքացումը, ռիսկերի կառավարելիությունը պահանջում է մեզանից աշխատել բոլոր խոշոր խաղացողների, բոլոր խոշոր դերակատարների հետ, որոնք ունեն իրավիճակի կառավարելիությանը նպաստելու ներուժ»։

Արեգ Քոչինյանը, սակայն, հստակ կողմնորոշման կարիք է տեսնում. - «Եթե Հայաստանի անվտանգային ճարտարապետության մեջ ոչինչ չի փոխվում, ապա Հայաստանը շատ ակտիվ քայլերով գնում է շատ ավելի մեծ աղետների, քան նրանք, որոնք մենք տեսել ենք մինչև էս պահը»։

Որպեսզի Մոսկվան ու Վաշինգտոնը այս ամենի տակ երկակի խաղ, այդուահնդերձ չտեսնեն, վերլուծաբանների խոսքով՝ պետք է հստալ նշել գործողությունների տրամաբանությունը և լինել ազնիվ։

«Բացատրել, որ էստեղ խնդիրը ոչ թե վեկտորի փոփոխության, ոչ թե ճամբարի ընտրության, կամ արտաքին քաղաքական վերակողմնորոշման հարց է, այլ ընդամենը անվտանգության փլուզված համակարգերով աշխարհում, փխրուն այս ռեգիոնում մեր անվտանգության հարցերը լուծելը և ռիսկերը կառավարելը», - ասաց Բադալյանը։

«Այսօր, ես կարծում եմ, շատ ավելի գնահատվում է, ընդ որում՝ թե' Ռուսաստանում և թե' Վաշինգտոնում, շատ ազնիվ, շատ կայուն կեցվածքը՝ հիմնված սեփական ազգային շահերի սպասարկման վրա և հիմնված մանևրականության կարողությունների բարձրացման վրա», - իր հերթին ասաց Քոչինյանը։

Ամերիկյան կողմն այսօր այդպես էլ պարզաբանում չտվեց, թե ինչպես Հայաստանը անհետացավ Պենտագոնի հաղորդագրությունից։ Երևանում ամերիկյան դեսպանատունը միայն տեղեկացրեց, որ աշխատանքային այցով Հայաստանում է բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսը, ով Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերը։

Defender զորավարժությունների մասին

Պենտագոնի կազմակերպած Defender զորավարժություններն անցկացվում են 2021 թվականից։ Հետխորհրդային երկրներից այս տարի դրանց ներգրավված են միայն Վրաստանը և Մոլդովան։ Մասնակից պետությունների շարքում են եվրոպական ևս 22 երկրներ, այդ թվում Ալբանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Շվեդիան, Միացյալ Թագավորությունը և այլն։

Այս զորավարժությունների նպատակն է ցուցադրել ԱՄՆ բանակի կարողությունները՝ արագ տեղակայել մարտունակ զորքեր և տեխնիկա՝ երաշխավորելու դաշնակիցների անվտանգությունը, զսպելու Եվրոպայում խաղաղությանը սպառնացողներին աշխարհամասը պաշտպանելու ագրեսիայից: Զորավարժությունները, ըստ ամերիկյան կողմի, նաև պետք է ցույց տան եվրոպական երկրների հանձնառությունը՝ մեծացնելու սեփական բանակի մասշտաբները, կարողությունները և փոխգործունակությունը:

Ակնկալվում է, որ մոտ 9 հազար ամերիկացի զինվորական է մեկնելու Եվրոպա՝ մասնակցելու զորավարժություններին։ Իսպանիայում արդեն տեղակայվում է ամերիկյան մոտ 7 հազար միավոր տեխնիկա, ևս 13 հազար միավոր էլ Եվրոպայում ամերիկյան տարբեր պահուստներից կգործարկվի։

Կոսովոյի ուժեր և Միաձուլված սուր զորավարժություններին Հայաստանը նախկինում մասնակցել է փոքրաթիվ զինվորականներով։ Թե քանի հոգի և հատկապես ինչ մասնագետներ այս անգամ կմասնակցեն ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող մյուս երկու միջոցառումներին, պաշտոնական աղբյուրները չեն հայտնում։

XS
SM
MD
LG