Մատչելիության հղումներ

Հռոմի կանոնադրության վավերացումը «կրակի վրա յուղ լցնել» է. Գեղամ Մանուկյան


ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյան («Հայաստան»)
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյան («Հայաստան»)

Մինչ իշխող ուժից չեն հստակեցնում, թե արդյոք պատրաստվում են վավերացնել Ռուսաստանի նախագահին ձերբակալելու հրաման տված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, ընդդիմությունից շարունակում են քննադատել՝ իշխանությունները լարում են առանց այդ էլ ճգնաժամում գտնվող ռուս-հայկական հարաբերությունները։

Միջազգային իրավունքի մասնագետները պնդում են՝ եթե Հայաստանը միանա Հռոմի կանոնադրությանը, ապա Երևան ժամանելու դեպքում Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի։

«Առնվազն այս մթնոլորտում ամբողջական լեգիտիմ հնարավորություն ուներ Հայաստանը այդ հարցը ընդհանրապես չարծարծելու», - ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Ստեղծված իրավիճակը «կրակի վրա յուղ լցնել» է համարում ընդդիմադիր պատգամավորը, մյուս կողմից՝ շարունակում է կասկածի տակ դնել Սահմանադրական դատարանի որոշումը։

Բարձր դատարանն անցած շաբաթավերջին որոշեց՝ Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է Սահմանադրությանը։ Մինչդեռ 2004-ին Սահմանադրական դատարանը որոշել էր, որ փաստաթղթով ամրագրված որոշ պարտավորություններ չեն համապատասխանում Հայաստանի մայր օրենքին։

«Սահմանադրական դատարանը 2004 թվին Սահմանադրության վրա հղում տալով՝ ասել է, որ հակասահմանադրական է։ Փաշինյանական Սահմանադրական դատարանի սրտի դատավոր Վահե Գրիգորյանի եզրակացությամբ, 2004 թվից տասնինը տարի հետո մեկ էլ եզրակացնում է, որ սահմանադրական է։ Ո՞նց է լինում… նույն դրույթները Սահմանադրության մեջ գործում են», - տարակուսում է Մանուկյանը։

2004-ին Սահմանադրական դատարանը Սահմանադրության միանգամից 5 հոդվածներին հակասող էր համարել Հռոմի կանոնադրությունը։ Բայց այդ հոդվածները 2015-ի Սահմանադրությունում ըստ էության բովանդակային փոփոխություններ չեն կրել՝ 95-ի խմբագրության համեմատ։ Այդ դեպքում ի՞նչ հիմքով են Սահամադրական դատարանը Սահամանդրությանը համապատասխանող ճանաչել Հռոմի կանոնադրությունը, առայժմ հայտնի չէ։ Բարձր դատարանը դեռ չի հրապարակել իր որոշման պատճառաբանական մասը։ Սակայն Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հայտարարել էր, թե Սահմանադրական երկու փոփոխություններից հետո իրավիճակ է փոխվել։

Ի դեպ, Սահմանադրական դատարանի 3 դատավորներ՝ Հրայր Թովմասյանը, Երվանդ Խունդկարյանն ու Արայիկ Թունյանն հատուկ կարծիքներ են հայտնել այս որշման վերաբերյալ։ Այդ կարծիքները ևս դեռ չեն հրապարկվել։

Հայաստանի կառավարությունն անցած տարվա վերջին նիստում էր հայտարարել Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը սկսելու մասին։ Իշխանությունները դա հիմնավորում են Ադրբեջանի ագրեսիվ գործողություններով, հայտարարում են, որ այդ փաստաթղթի վավերացման դեպքում Հայաստանը կարող է Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների համար հայցեր ներկայացնել միջազգային դատարան։

Միջազգային քրեական դատարանը քննում է ցեղասպանությունների, ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների դեպքերը, հետապնդում ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց։

«Հայաստանի Հանրապետությանը պետք ա այս որոշումը և պետք ա այդ համաձայնագրին միանալը». Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան

Նա օրեր առաջ խնդրահարույց չէր համարել միջազգային փաստաթղթի վավերացման գործընթացը։ Նա շեշտել էր, որ իշխանությունների քայլը որևէ մեկի դեմ կամ կողմ չի ուղղված։ Խորհրդարանի խոսնակը նաև արձագանքել էր այն հարցին, թե համաձայնագրի վավերացման դեպքում հայաստանյան իշխանությունները քաղաքական կամք կունենա՞ն Պուտինին ձերբակալելու համար՝ ասելով. - «Էկեք հլը մի հատ վավերացնենք, վերջացնենք, Ռուսաստանի նախագահը գա... Կիկոսի մահի վերաբերյալ ես մեկնաբանություններ չեմ տալիս»։

Արմեն Խաչատրյան
Արմեն Խաչատրյան

Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագրում» դեռ չեն քննարկել Հռոմի կանոնադրության վավերացման հարցը։ Հնարավոր է իշխանությունը հետ կանգնի վավերացման գործընթացից՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինին կալանավորելու պարտավորությունը։ Իշխանական պատգամավորը չբացառեց նաև այդ տարբերակը։

Հիշեցմանը, որ ավելի վաղ հենց իշխող ուժից էին պնդում, թե վավերացումը Հայաստանի շահերից է բխում, Խաչատրյանն արձագանքեց. - «Ազգային շահը այդքան էլ միասեռ չէ, և ազգային շահի մեջ բազմաթիվ կոմպոնենտներ են մտնում, և վստահ կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը վարվելու է այնպես, ինչպես ազգային շահն է թելադրում։ Եվ պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական նշանակության համաձայնագրեր, պայմանագրեր, և դա ամբողջ աշխարհն էլ հասկանում է, որ այդպես է»։

Հռոմի կանոնադրության վավերացման համար միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայները բավարար են։

Դեռ հայտնի չէ, թե երբ խորհրդարանում քննարկվի միջազգային համաձայնագիրը։ Կառավարությունը Սահմանադրական դատարանի որոշումից հետո երեք ամիս ունի խորհրդարանի վավերացմանը դիմելու համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG