Ընդդիմանալ դիկտատորներին, որտեղ էլ նրանք գլուխ բարձրացնեն
Ռուսաստանի ընդդիմության լիդեր, երկու հոդվածներով ազատազրկման դատապարտված Ալեքսեյ Նավալնիի մասին վավերագրական ֆիլմն անցած գիշեր Հոլիվուդում «Օսկար» է ստացել:
Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել և կինոաշխարհում ամենաերազած ոսկե արձանիկը ստացել են ռեժիսոր Դենիել Ռոերը, բանտարկյալի կինը՝ Յուլիան և զավակները՝ Դարյան և Զախարը:
«Ուզում եմ այս մրցանակը նվիրել Նավալնիին և աշխարհի բոլոր քաղաքական բանտարկյալներին: Ալեքսեյ, աշխարհը չի մոռացել մեզ բոլորիս հասցեագրված քո ուղերձը՝ մենք չպետք է վախենանք ընդդիմանալ դիկտատորներին, որտեղ էլ նրանք գլուխ բարձրացնեն»,- ասել է ֆիլմի ռեժիսոր Ռոերը:
Յոթ ժամ աշխատանք կռացած վիճակում, ապա դաստիարակչական ժամ
Նավալնին Վլադիմիրի մարզի Կովրովի շրջանի Մելեխովո գյուղի տարածքում գտնվող թիվ 6 քրեակատարողական գաղութում է կրում 11.5 տարվա պատիժը: Եվ հենց այս պահին նա այնպիսի պայմաններում է, որոնք կտտանք է անվանել:
Օրվա ընթացքում նա գաղութի արտադրամասում աշխատում է որպես դերձակ, կարի մեքենան դրված է աթոռակի վրա, որը նրա ծնկից ցածր է, ուստի նա 7 ժամ կռացած վիճակում է: Աշխատանքից հետո էլ նա մասնակցում է դաստիարակչական ժամին, նստած փայտե նստարանին, իսկ գլխավերևում՝ պատին, նախագահ Վլադիմիր Պուտինի նկարն է:
Անցած տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նրան 4 անգամ պատժախուց են ուղարկել, ապա փոխադրել կամերային տիպի բանտախուց: Դա առավել թույլատրելի ժամկետն է այդօրինակ պատժի համար:
«Ուժե՛ղ մնա, իմ սեր»
Նավալնիի կինը, երեխաները, նրա բոլոր աջակիցները, միջազգային համայնքն ու իրավապաշտպանները գիտակցում են, որ Կրեմլն առանձահատուկ ցինիզմով ու դաժանությամբ է հետապնդում Նավալնիին: Յուլիա Նավալնայան ուղերձով է դիմել ամուսնուն:
«Ամուսինս բանտում է ճշմարտությունն ասելու համար, ամուսինս բանտում է դեմոկրատիան պաշտպանելու համար: Ալեքսեյ, երազում եմ այն օրվա մասին, երբ դու ազատ կլինես, և մեր երկիրն ազատ կլինի, ուժեղ մնա, իմ սեր: Շնորհակալություն»:
«Ֆիլմը չեմ տեսել, բայց մրցանակը քաղաքականացված է»
Կրեմլն արդեն արձագանքել է այդ ֆիլմին Օսկար շնորհելու փաստին: «Այդտեղ քաղաքականացման տարր կա»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա փոխանցմամբ, Հոլիվուդը չի խորշում ֆիլմեր քաղաքականացնելուց, այդպես լինում է: Միաժամանակ Պեսկովն ասել է, թե ֆիլմի ինչ-ինչ գեղարվեստական արժանիքների մասին չի կարող կարծիք հայտնել, քանի որ այն չի դիտել:
Վերմարդկային անվախություն
Հիրավի քչերն են ի զորու չկոտրվել ու իշխանության առաջ ծնկի չգալ ԳՈՒԼԱԳ-ին դաժանությամբ չզիջող ռուսաց այսօրվա բանտում: Ֆիլմի ռեժիսոր Դենիել Ռոերը Նավալնիի արիության մասին է խոսել:
«Ալեքսեյը խիզախության մարմնավորում է, անկախ այն բանից, կիսում ես նրա հայացքները, թե ոչ, կասկածի տակ չես դնում այդ մարդու բնավորության հզորությունը, և գրեթե վերմարդկային անվախությունը, որով նա դիմակայում է սարսափազդու հակառակորդին»,- ասել է ռեժիսորը:
Սրիկաներին թույլ չտալ իրենց կանոնները պարտադրել երկրին
Այդ ուժը Նավալնին ցույց է տվել իր վերջին խոսքում, երբ Վլադիմիրի մարզի բանտ ուղարկվելուց առաջ դատավորին ասել է, որ երկրում օրըստօրե ավելանում է ռեժիմից չվախեցող մարդկանց թիվը:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր աջակիցներին, այն մարդկանց, ովքեր, անտեսելով բռնաճնշումները, հալածանքները, խուզարկությունները, դուրս են եկել փողոցներ: Նրանք են այն վերջին պատնեշը, որը կանխում է գահավիժումը, թույլ չի տալիս երկրին վերջնական թաղվել դեգրադացիայի մեջ:
Այսպես է նա ավարտել վերջին խոսքը. «Մենք մի խումբ սրիկաների թույլ չենք տա իրենց կանոնները պարտադրել մեր երկրին, շնորհակալություն»: