Մատչելիության հղումներ

Բաքուն պահանջում է դուրս բերել բոլոր «հայկական զինված ուժերն» Արցախից


Բաքուն պահանջում է անհապաղ դուրս բերել բոլոր «հայկական զինված ուժերն» Արցախից, ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Այսօրվա միջադեպի համար, որի հետևանքով երկու կողմն էլ զոհեր ու վիրավորներ ունի, Ադրբեջանը հայկական կողմին է մեղադրել։

«Նման ագրեսիան և սադրանքները ցույց են տալիս, որ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ իր օկուպացիոն քաղաքականությունից, որ խաղաղության օրակարգի վերաբերյալ Հայաստանի տեսակետները ոչ այլ ինչ են, քան կեղծավորություն»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ըստ Բաքվի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև անհրաժեշտ է սահմանային հսկողության ռեժիմի կիրառում։

Մարտի 5-ին դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել են ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայաղող, մեկը վիրավորել է, հայտնել են Արցախից։

Պաշտոնական Երևանն էլ նշել է, որ Արցախի ոստիկանության ձեռքի տակ առկա տեսանյութն ապացուցում է, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվել է «ՈւԱԶ» մակնիշի միկրոավտոբուսի վրա, որի մեջ եղել են ԼՂ ՆԳ նախարարության չորս աշխատակիցներ, որոնք ծառայողական նպատակներով Ստեփանակերտից ուղևորվելիս են եղել Արցախի Հին Շեն, Մեծ Շեն գյուղեր:

«Ընդ որում, տեսանյութերը հիմնավորում են, որ «ՈւԱԶ»-ի մեջ բացի ծառայողական փաստաթղթերից և տաբելային զենքից այլ բան չի եղել», - հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ փաստերը վկայում են, որ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակումը նախապես ծրագրավորված և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանք է։

XS
SM
MD
LG