Մատչելիության հղումներ

Հայաստանը կրկնապատկել է պաշտպանական ոլորտի գիտատեխնիկական հետազոտությունների ֆինանսավորումը


ArmHighTech-2022 պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացումը։
ArmHighTech-2022 պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացումը։

Հայաստանի կառավարությունը 2018-ից ի վեր ավելի քան երկու անգամ ավելացրել է պաշտպանական ոլորտում գիտատեխնիկական հետազոտությունների համար տրամադրվող գումարները, ինչի արդյունքում ռազմաարդյունաբերական համալիրի հայաստանյան մի շարք ընկերություններ ընդլայնել են մշակումների շրջանակն ու արտադրության ծավալները, այսօր Երևանում բացված ArmHighTech-2022 պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին «Ազատությանը» փոխանցեցին ընկերությունների ներկայացուցիչներն ու պաշտոնյաները։

Դա հատկապես ակնառու է հետախուզական և հարվածային անօդաչու սարքերի պարագայում. այսօրվա ցուցահանդեսում հաշվեցինք նման զինատեսակներ արտադրող հայաստանյան շուրջ մեկ տասնյակ ընկերություններ։

Ոլորտը համակարգում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Նախարարի պաշտոնակատար Դավիթ Սահակյանի խոսքով, եռօրյա ArmHighTech-2022-ին մասնակցում են տեղական և օտարերկրյա հիսունից ավելի ձեռնարկություններ, այդ թվում Ռուսաստանից, Հնդկաստանից և ՆԱՏՕ-ի անդամ Գերմանիայից, Հունաստանից և Բուլղարիայից։

Դավիթ Սահակյան
Դավիթ Սահակյան

«Մեր պաշտպանությանը պետք է առավելագույնը ԱԹՍ-ներ, սխալ կլինի ասել։ Բոլոր էն մշակումները, որոնք այս կամ այն կերպ կարող են բարձրացնել մեր բանակի մարտունակությունը, բոլորը մեր հետաքրքրության շրջանակներում են։ Այստեղ դուք կարող եք տեսնել տարբեր բնույթի արտադրանքներ, բոլորի նկատմամբ Պաշտպանության նախարարության հետաքրքրությունը շատ մեծ է», - ասաց Սահակյանը։

Այս տարվա բյուջեով կառավարությունը 5,2 միլիարդ դրամ կամ մոտ 10,6 միլիոն դոլար է հատկացրել ռազմաարդյունաբերական համալիրում իրականացվող գիտատեխնիկական ծրագրերին։

Հայաստանյան ԱԹՍ-ները արտահանվելու են

«Դավարո» ընկերության ԱԹՍ-ները
«Դավարո» ընկերության ԱԹՍ-ները

Հետախուզական և հարվածային անօդաչու սարքեր արտադրող «Դավարո» ընկերության տնօրեն Դավիթ Գալոյանի խոսքով, իրենց մի քանի մշակումներ արդեն իսկ անցել են փորձարկումները, և Զինված ուժերը պատրաստ է ընդունել իր զինանոց. - «Պատերազմների կոնցեպտը փոխվում է դեպի անօդաչու համակարգեր։ Մենք ընկերության ամբողջ ներուժը դրել ենք, որ ամբողջ սպեկտրը փակենք հարվածայինների ու հետախուզական անօդաչու սարքերի։ Այդ ուղղությամբ զուգահեռ կատարվում են մի քանի պրոյեկտների վրա աշխատանքներ, որոնք բավականին հաջողությամբ են անցնում»։

Դավիթ Գալոյան
Դավիթ Գալոյան

Ըստ Գալոյանի, «Դավարո»-ի որոշ ԱԹՍ-ներ կարող են թռչել մինչև մինչև 400 կիլոմետր, կրել 15 կիլոգրամ բեռ և աշխատել ավտոնոմ ռեժիմում։

Ընկերությունը պայմանագրեր ունի նաև Հայաստանից դուրս։ Տնօրենը, սակայն, չնշեց՝ որ երկրի հետ։

Հայաստանում սկսել են արտադրել վերգետնյա հարվածային ռոբոտիզացված ինքնագնացներ

ԱԹՍ-ներից զատ «Դավարոն» մշակել է վերգետնյա հարվածային ռոբոտիզացված ինքնագնացներ, որոնք թույլ են տալիս հարձակվել հակառակորդի պաշտպանված դիրքերի վրա՝ առանց մարդուժի։

«Ավտոնոմ, հեռակառավարվող, կապի միջոցները վերաուղղորդվում են անօդաչուների միջոցով, որը թույլ է տալիս մեծացնել կիրառման հեռավորությունը։ Իր վրա տեղադրված է 12,7 կալիբրի գնդացիր, մեկ հակատանկային կառավարվող նռնականետ ու կառավարվող հրթիռ», - ներկայացրեց Գալոյանը։

«44-օրյա պատերազմից հետո պետության հետ համագործակցությունը դինամիկ աճում է»

Արշավիր Ստեփանյան
Արշավիր Ստեփանյան

Հայաստանյան մեկ այլ՝ հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ, վիրավորներ և փոքր բեռներ տեղափոխող անօդաչու ուղղաթիռներ և ռադոիտեղորոշման ու կապի համակարգեր արտադրող «ՊրոՄաք» ընկերության ներկայացուցիչ Արշավիր Ստեփանյանի խոսքով, հատկապես 44-օրյա պատերազմից հետո պետության հետ համագործակցությունը դինամիկ աճում է. - «Օր-օրի զարգացող ոլորտ է, օր-օրի նոր մտահղացումներ կան, նոր նպատակներ կան, պրոյեկտներ կան, որոնք կյանքի են կոչվում, շուկան դինամիկ զարգանում է»»

«Նոր գործարան ենք կառուցում»

Ջերմադիտակային սարքեր, նշանոցներ արտադրող և արդեն երեսուն տարվա պատմություն ունեցող «Արագած» ընկերության տնօրեն Հովհաննես Ղարիբյանն էլ փոխանցեց՝ նոր գործարան են կառուցում։

Հովհաննես Ղարիբյան
Հովհաննես Ղարիբյան

«Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ առայժմ արտերկրից պատվերներ չունեն. - «Մերն ենք հազիվ հասցնում փակել։ Անընդհատ ընդլայնվում ենք, անընդհատ աշխատատեղերն ընդլայնվում են, անընդհատ տարածքներն ենք մեծացնում, տեխնոլոգիաներ ենք ներդնում։ Ստաբիլ ձևով զարգանում ենք»։

ArmHighTech պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսն առաջին անգամ Երևանում անցկացվեց ապրիլյան պատերազմից շատ չանցած՝ 2016 թվականի հոկտեմբերին։ Երկրորդ ցուցահանդեսը 2018-ի մարտին էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG