Հնդկաստանն «ագրեսոր կողմին» կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին, լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնել է այդ երկրի արտաքին գերատեսչության խոսնակ Շրի Արինդամ Բագչին (Shri Arindam Bagchi)՝ առանց հստակեցնելու, թե, մասնավորապես, կոչը որ կողմին է ուղղված։
«Մենք տեսել ենք 2022 թվականի սեպտեմբերի 12/13-ին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին հաղորդումներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորումը։ Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», - ասել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակը՝ նշելով՝ երկկողմ վեճերը պետք է կարգավորվեն դիվանագիտական երկխոսության միջոցով։
«Որևէ հակամարտություն ռազմական լուծում չի կարող ունենալ։ Մենք խրախուսում ենք կողմերին, որպեսզի հետամուտ լինեն բանակցություններին՝ հասնելու համար կայուն և խաղաղ լուծմանը», - ասել է արտաքին գերատեսչության խոսնակը։
Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմանն այս հուլիսի սկզբին ժամանել էր Երևան։ Նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հնդիկ պաշտոնյան հայտարարել էր, թե պաշտպանության ոլորտում կողմերը հակված են երկարաժամկետ համագործակցության։