Մատչելիության հղումներ

Ուկրաինան չի բանակցելու իր տարածքի ու պետականության զիջումների շուրջ․ Ալեքսանդր Սենչենկո


Այսօր լրացավ ուղիղ մեկ տարին, երբ Ռուսաստանը սկսեց չհրահրված պատերազմ՝ լայնամասշտաբ ներխուժում Ուկրաինա, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոն՝ շեշտելով՝ Ուկրաինան պարզապես զոհ դարձավ Ռուսաստանի հավակնություններին։

Ուկրաինան չի բանակցելու իր տարածքի ու պետականության զիջումների շուրջ, ընդգծեց Սենչոնկոն՝ շեշտելով՝ Ուկրաինան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, քանի որ խոսքը ցանկացած պետության համար նրա գոյության հիմնարար տարրերի մասին է՝ պետական իշխանություն, տարածքային ամբողջականություն։

Սենչենկոյի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Այն, ինչ սկսեց մեկ տարի առաջ ուղղակի անհավատալի էր, իսկ հիմա հետահայաց՝ կա՞ր գին, որ գուցե արժեր կամ պետք էր վճարել՝ սրանից խուսափելու համար։

Սենչենկո․ - Այսօր լրացավ ուղիղ մեկ տարին այն օրվանից, երբ Ռուսաստանը սկսեց չհրահրված պատերազմ՝ լայնամասշտաբ ներխուժում Ուկրաինա։ Նախ ինչ վերաբերում է այս պատերազմի պատճառին՝ Ռուսաստանն այսօր առաջնորդվում է նեոկայսերական հավակնություններով՝ ռևանշիզմով, Խորհրդային միության փլուզումից հետո փորձում է վերականգնել իր ազդեցությունն աշխարհի տարբեր տարածաշրջաններում, որն ունեցել է սառը պատերազմի ժամանակ և որը սառը պատերազմի պատճառներից մեկն էր։ Այս պայմաններում սրանից խուսափել, այսինքն՝ դա եղել է Ուկրաինայի դիրքորոշումից անկախ։ Այստեղ Ուկրաինան պարզապես զոհ դարձավ այդ հավակնություններին։

Այս պատերազմը պարզապես անցյալ տարի չի սկսել, դրա մեկնարկը տրվեց դեռ 2014-ին, երբ Ռուսաստանը զինյալների էր ուղարկում, զենք-զինամթերք մատակարարում ու ղեկավարում Դոնբասում զինված կազմավորումների գործունեությունը։ Սա պարզապես հաստատումն է այն նեոիմպերիալիստական քաղաքականության, որով առաջնորդվում է Ռուսաստանը, հաստատումն այն փաստի, որ խոսքը ուկրաինական պետականության, որպես այդպիսին, լուծարման, կործանման մասին է, ինչպես դա հայտարարում են ռուսական կողմի պաշտոնյաները։ Հետևաբար, ինչ էլ աներ Ուկրաինան դա Ուկրաինայից չէր կախված։

«Ազատություն». - Անխուսափելի էր։

Ալեքսանդր Սենչենկո. - Անշուշտ։

«Ազատություն»․ - Իսկ հիմա ինչպե՞ս կգնահատեք ռազմաքաղաքական դրությունը։ Բոլոր փորձագետները խոսում են ծանրագույն ու վճռորոշ մարտերի մասին։

Սենչենկո․ - Այո՛, իսկապես այդ մասին խոսվում է, ընդ որում դա ասում են նաև պաշտոնյաները, մեր միջազգային գործընկերները։ Ուկրաինան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, քանի որ խոսքը ցանկացած պետության համար նրա գոյության հիմնարար տարրերի մասին է՝ պետական իշխանություն, տարածքային ամբողջականություն։ Սրանք միջազգային իրավունքի այն հենասյուներն են, որոնց վրա այսօր աշխարհում ընդհանրապես պետությունների համակեցությունն է կառուցված։

«Ազատություն». - Մոսկվան պնդում է ռազմաճակատում որոշ հաջողությունների մասին։

Ալեքսանդր Սենչենկո. - Այո՛, սա ռուսական քարոզչության մասն է, քանի որ Ռուսաստանի խնդիրներից մեկը Լուգանսկի և Դոնեցկի շրջաններից դուրս գալն է։ Նրանք հենց սկզբից են այս խնդիրը իրենց առջև դրել։ Մինչև այժմ դա նրանց չի հաջողվել անել։ Չեն կարողացել, որովհետեւ Ուկրաինան ունակ է ինքն իրեն պաշտպանել՝ շնորհիվ իր միջազգային գործընկերների, որոնք բավական մեծ քանակությամբ ֆինանսական, ռազմական և հումանիտար օգնություն են տրամադրում, որպեսզի Ուկրաինան կարողանա պահպանել իրեն որպես պետություն։ Հետևաբար, եթե լինի լայնածավալ հարձակողական գործողություն, Ռուսաստանը դժվար թե նոր բանով հանդես գա։ Աստված առաջ։

«Ազատություն». - Կիևը կտրուկ մերժում է բանակցությունները Կրեմլի հետ: Անգամ օրենք ընդունվեց։ Բայց մյուս կողմից, դա փակուղի չէ՞: Հայտնի է, որ բանակցություններից հրաժարվելը բերում է արյունահեղության:

Ալեքսանդր Սենչենկո. - Դիտարկենք սա այն տեսանկյունից, որ ցանկացած բանակցություն կարելի է վարել, երբ կողմերն ակնկալում են իրենց համար ընդունելի արդյունք։ Ռուսաստանի պարագայում Ուկրաինան ինչի՞ շուրջ պետք է բանակցի։ Իր տարածքի, պետականության ու ինքնիշխանության զիջումների մասի՞ն։ Իհարկե, ոչ։ Որևէ պետություն դրան չի գնա։ Դուք արդեն նշեցիք այս հակամարտության սրման՝ էսկալացիայի Ռուսաստանի սպառնալիքի մասին։ Նման պայմաններում ո՞ւմ հետ ու ինչի՞ մասին բանակցել ու խոսել։ Ագրեսորի հետ, որը դեռ փորձում է հասնել իր նպատակների՞ն:

«Ազատություն». - Ուկրաինան չի աջակցել Հայաստանին պատերազմի ժամանակ, հիմա էլ Կիևը չի դատապարտում Լաչինի միջանցքի փակումը, որը հումանիտար աղետ է առաջացրել: Ավելին, ուկրաինացի որոշ պաշտոնյաներ դա ուռճացված և սուտ են համարել:

Ալեքսանդր Սենչենկո. Ես նման գնահատականներ չեմ տեսել, առավել ևս պաշտոնյաներից։

«Ազատություն». - Պոդոլյակն է խոսել այդ մասին, որոշ պատգամավորներ։​

Ալեքսանդր Սենչենկո. - Դե, պատգամավորները կարող են ասել, ինչ ուզում են, այնպես, ինչպես դա նաև Հայաստանում է։ Չեմ կարծում, որ դա Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումն է։ Ուկրաինան ինչո՞վ չօգնեց Հայաստանին։ Տեսեք, այստեղ հարցը վերաբերում է հակամարտությանը որպես այդպիսին, դրանք կոչվում են «սառեցված հակամարտություններ», որոնք կարող են բռնկվել ցանկացած պահի։

Ուկրաինան կողմ է, որ հակամարտությունը լուծվի միջազգային իրավունքի համաձայն, բանակցությունների միջոցով, այսինքն՝ դիվանագիտական ճանապարհով։ Սա պոստուլատի՝ կանխադրույթի պես մի բան է, և, իհարկե, հաշվի առնելով, որ միջազգային իրավունքը հիմնված է պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման վրա, ուկրաինական կողմը հետևում է այս դիրքորոշմանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։

«Ազատություն». - Հայաստանյան հասարակությունում ակնկալում են ադրբեջանական ագրեսիայի դատապարտում Ուկրաինայի կողմից այդ թվում և այն իմաստով որ Ուկրաինան ինքը մի երկիր է, որ ագրեսիայի է ենթարկվում: Հարցս ավելի շատ այս մասին էր։​

Ալեքսանդր Սենչենկո. - Եկեք հարցն այսպես դիտենք: Որքան գիտեմ, հայկական կողմը Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել միջազգային դատարան, այդ թվում՝ Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ։ Մենք հնարավորություն չունենք գնահատելու իրավիճակը, ուստի ուկրաինական կողմն այս հարցում ավելի շատ կառաջնորդվի միջազգային դիրքորոշմամբ։ Դա տրամաբանական կլինի։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG