15 ժամկետային զինծառայող գիշերը հրդեհից մահացել է, 3-ը՝ վիրավորվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում: Այստեղ գյուղի լքված տներից մեկը ինժեներասակրավորային վաշտի կացարանն էր, որտեղ ըստ դատախազության հաղորդագրության՝ 22 զինծառայողներ են եղել, 21-ը՝ ժամկետայիններ և մեկ սպա: Կառավարության այսօրվա նիստում նախնական տեղեկություններ հնչեցին դեպքի վերաբերյալ:
«Օգտագործվել է նաև արգելված միջոց: Խոսքը վերաբերում է ավտոբենզինին», - մանրամասնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարը, Քննչական կոմիտեի ղեկավարը շեշտում են նախնական վարկածը, որ կացարանի ջեռուցման հետ կապված հարց է եղել, բավականին հիմնավորված է: Կեսգիշերն անց սպան փորձել է վառարանը վառել բենզինով:
«Հինգ լիտրանոց տարրայով փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ որ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, էլի նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով՝ այդ հինգ լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ», - նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ առավոտյան իրեն ներկայացրել են զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կարգադրությունը, որի կետերից մեկով բենզինով վառարան կպցնելն արգելվում է. «Խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին»:
Պետք է պարզել, թե ով ինչ չի արել, պետք է պատասխանատվություն հետևի, ասաց Փաշինյանը: Պաշտոնանկությունների շարքը ինքը սկսեց, Պապիկյանն ավարտեց:
«Երկրորդ բանակային կորպուսի հրամանատարին աշխատանքից ազատելու միջնորդություն եմ ներկայացրել հանրապետության նախագահին, հանրապետության նախագահն արդեն իսկ ստորագրել է որոշումը», - ասաց վարչապետը:
Զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև երկրորդ բանակային կորպուսի շտաբի պետը, կորպուստի հրամանատարի տեղակալը, հավելեց նախարարը:
Այս պահի դրությամբ 10 բարձրաստիճան զինվորականներ ազատվել են աշխատանքից: Քրեական գործ է հարուցվել (շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ): Ձերբակալվածներ չկան:
Դեպքի վայրի նկարահանումներից պարզ է դառնում, թե ինչպիսին էր զինվորների կացարանը սահմանամերձ գոտում, և ինչու այն հնարավոր չէր ջեռուցել ավելի քաղաքակիրթ տարբերակով: Վարչապետն ասաց՝ պարզ է՝ այնտեղ սովորական պայմաններ չեն, բայց ինչ էլ լիներ, պիտի հակահրդեհային կանոնները պահպանվեին. «Այդ կացարանը որպես զինվորական ծառայել է դեռևս 2020 թվականից, պարզ է, որ այնտեղ սովորական պայմաններ չան, բայց դա չի ոչ մի բանի հետ կապ չունի: Ցանկացած մարդ, որտեղ մարդ է ապրում, ծառայում, պետք է հակահրդեհային կանոնները պահպանվեն»:
3 վիրավոր զինծառայողներն Այրվածքաբանական կենտրոնում են՝ մի զինվորը ոտքերի այրվածքներով հիվանդասենյակում է, երկուսի, այդ թվում՝ 27-ամյա սպայի վիճակը ծանր է:
«Երկու ծանր զինվորները, որոնք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, գնահատվում է ծանր իրենց վիճակը: Այնտեղ նաև գրանցված է շնչուղիների այրվածք», - տեղեկացրեց կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը՝ հավելելով՝ զինծառայողները գիտակցություն ունեն, բայց շնչուղիների այրվածքն ընդհանրապես ռիսկեր ունի. «Բոլոր հիվանդները բոցից են այրվել, որովհետև եղել է կրակ, իսկ բոցից այրվածքները հարաբերական խորն են լինում»:
Զոհված 15 զինծառայողների անունները Պաշտպանության նախարարությունն ամբողջ օրն այդպես էլ չհրապարակեց: Գերատեսչությունից տեղեկացրին՝ սպասում են՝ նույնականացման աշխատանքներն ավարտվեն։