Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պետք է հասկանա՝ հայերի կյանքի գնով խաղաղություն չի կարող լինել. Արցախի պետնախարար


Ստեփանակերտը պատրաստ է կառուցողական երկխոսության

Ադրբեջանը պետք է հասկանա՝ հայերի կյանքի գնով խաղաղություն չի կարող լինել, հայտարարել է Արցախի պետնախարարը։ Ռուբեն Վարդանյանը ևս մեկ անգամ հաստատել է՝ Ստեփանակերտը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ շեշտելով, սակայն, արցախցիները երբեք չեն հրաժարվի իրենց հայրենիքում արժանապատիվ և ազատ կյանքով ապրելու իրավունքից։

Վարդանյանն ավելի վաղ էլ Թվիթերում գրել էր, որ արցախցիները չեն լքի իրենց հայրենիքը, որքան էլ դժվար լինի իրավիճակը։

«Ամեն օր մենք դժվար, բայց անհրաժեշտ ընտրություն ենք անում՝ մնալու և պաշտպանելու մեր հողը։ Միայն այդպես կարող ենք կանխել Արցախը կորցնելու գործընթացն ու երաշխավորել հայոց աշխարհի պահպանումը ապագա սերունդների համար», - նշել է նա։

Ղարաբաղյան խնդիրը փակված համարող Բաքվից բազմիցս հայտարարել են՝ Արցախի հարցով չեն պատրաստվում բանակցել Ստեփանակերտի հետ։ Շաբաթասկզբին կայացած ասուլիսի ընթացքում Հայաստանի վարչապետն էլ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է զբաղվի Լեռնային Ղարաբաղի հարցով, Հայաստանն էլ կաջակցի։

Պետք է այդ բանակցությունը լինի Ստեփանակերտի հետ. քաղաքական մեկնաբան

«Եթե իսկապես Բաքուն պատրաստ է բանակցությամբ ինչ-որ խնդիր լուծել, ապա այստեղ պետք է այդ բանակցությունը լինի Ստեփանակերտի հետ, այսինքն՝ ցույց տալով, որ իսկապես չկա էթնիկ զտման քաղաքականություն, այլ բանակցությամբ ինչ-որ հարց լուծելու կամք, և ոչ էլ կա պարզապես ունեցած պարտավորություններից խուսանավելու և դրա լեգիտիմ նախադեպ ստեղծելու խնդիր», - ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

Նա ճիշտ է համարում Երևանի դիրքորոշումը Լաչինի միջանցքի հարցի շուրջ, ասում է՝ հակառակ դեպքում Ադրբեջանի համար նախադեպ կարող է ստեղծվել 2020 թվականին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած մյուս պարտավորություններից հրաժարվելու համար. «Այստեղ գլխավոր հարցն այն է՝ եթե որևէ բանակցությամբ լուծվի որևէ հարց, արդյոք կա՞ հստակ երաշխիք ու մեխանիզմ, որը թույլ կտա ամրագրել այդ իրավիճակը և կարգելափակի Բաքվի հետագա շանտաժների ճանապարհը։ Այս հարցն է նաև, որ այսօր բաց է, և այս բաց լինելը ստիպում է, որպեսզի հայկական կողմը Ադրբեջանին չտա այդ նախադեպը՝ սեփական պարտավորություններից հրաժարվելու և դրա նախադեպը ստեղծելու հնարավորություն»:

Անցած ամսվա ընթացքում գրեթե ամեն օր ռուս խաղաղապահները հայտնել են միջանցքի բացման վերաբերյալ ընթացող բանակցությունների մասին, սակայն տեսանելի ոչ մի քայլ մինչ այս պահը չի եղել։

90-ականներին ավելի վատ է եղել, բայց պայքարել ենք ու ստեղծել

34 օրերի ընթացքում Արցախ սննդի, դեղորայքի ու այլ անհրաժեշտ ապրանքների մատակարարումները դադարեցված են։ Խանութներում և սննդի տեսականին է շատ սահմանափակ, և քանակը։ Այսքանից հետո Արցախում դեռ մարդիկ հույսը չեն կորցնում, նույն փորձառությամբ անցել են 90-ականներին։ Հիմա էլ, ասում են, այլընտրանք չունեն։

«90-ականներին ավելի վատ է եղել, բայց պայքարել ենք ու ստեղծել: Էն ժամանակ, որ խանութներում ոչ մի բան չկար, մենք ալյուրից վերմիշել էինք սարքում մեզ համար, օգտագործում ու շատ առողջարար, դոշաբից հալվա էինք սարքում, շոկոլադ էինք սարքում, ոչ մի բանի կարիք չէինք զգում: Պակասությունը մարդու վրա չի ազդում, պիտի ստեղծել, ապրել, դիմադրել», - նշում է Հացի գյուղի բնակիչ Էմմա Աթայանը:

Մինչ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակումը օրական տոննաներով մատակարարումներ էին իրականացվում Արցախ։

Ճանապարհի արգելափակումից շաբաթներ անց Հայաստանից դադարել է նաև հոսանքի մատակարարումը Արդեն: 5 օր է արցախցիները տեղական հոսանք են սպառում, Ստեփանակերտում ու շրջաններում պարբերաբար անջատումներ են։ Վթարը ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքում է, ադրբեջանցիները չեն թույլատրում հայ մասնագետներին մոտենալ տարածքին ու վերականգնողական աշխատանքներ անել։ Երեկ Արցախում ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերականգնվեց ինտերնետ կապը։


Հայաստան է տեղափոխվել տարբեր ախտորոշումներով ևս հինգ հիվանդ

Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ու ուղեկցությամբ Հայաստան է տեղափոխվել տարբեր ախտորոշումներով ևս հինգ հիվանդ։ Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ Ստեփանակերտի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում, սակայն, դեռ ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան։

«Այս պահի դրությամբ «Արևիկ» բուժմիավորումում ունենք 12 երեխա, որոնք գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, իսկ Հանրապետական բժշկական կենտրոնում ունենք 11 բուժառու, ովքեր գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկների կողմից կատարվում է հնարավորն ու անհնարինը հիվանդների վիճակը կայունացնելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի առողջապահության նախարարի խոսնակ Անգելինա Իսախանյանը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ մինչ այս պահը Հայաստան է տեղափոխվել 26 հիվանդ։ Պլանային վիրահատությունների հետաձգման պատճառով, ըստ պաշտոնական տվյալի, 400 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից։ Լաչինի միջանցքի փակ հատվածով անցած մեկ ամսվա ընթացքում միայն Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների մեքենաներն են անցել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG