Ադրբեջանն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայությանը, Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրոն-Պիվեին այսօր ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Երևանում կայացած հանդիպմանը Միրզոյանն ու Բրոն-Պիվեն քննարկել են նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհի` Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով օրեցօր ահագնացող հումանիտար իրավիճակին և դրա հանգուցալուծմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը քննարկվել է նաև երկու երկրների համագործակցությունը:
Ֆրանսիացի պաշտոնյան երեկ է ժամանել Երևան: Նրան ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ դրան նախորդել է հանդիպում ու ասուլիս ԱԺ նախագահի հետ, որի ժամանակ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահն անհանգստություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։