Մատչելիության հղումներ

Գուտերեշը կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը


Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վերահաստատում է իր կոչը՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը, «Արմենպրես»-ին ասել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը ներկա իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ի իր հայտարարության մեջ։ Այս մտահոգությունները Քարտուղարության կողմից բարձրաձայնվել են նաև 2022 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի հայցով հրավիրված Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում։ Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր կոչերը՝ դեէսկալացիայի ենթարկել լարվածությունը և ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների, նա իր աջակցությունն է հայտնում միջնորդական ջանքերին»,- նշել է Դյուժարիկը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արդեն մեկ ամիս փակ պահելու փաստին, ինչի հետևանքով իրական հումանիտար ճգնաժամ է սկսվել Արցախում, որտեղ շուրջ 120 հազար բնակիչներ հայտնվել են շրջափակման մեջ։

«ՄԱԿ-ի ներկայացուցչությունները Հայաստանում և Ադրբեջանում շարունակում են տեղում բաց պահել կապն իշխանությունների և միջազգային կազմակերպությունների հետ ու պատրաստ են արձագանքել, եթե լինի դիմում և թույլ տան պայմանները»,- հայտնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:

XS
SM
MD
LG