Մատչելիության հղումներ

Ընդդիմության համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ ձեռքերը լվացել է Արցախից 


Ընդդիմության համոզմամբ, այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ ձեռքերը լվացել է Արցախից և որ իր համար Արցախի կարգավիճակի հարց այլևս գոյություն չունի։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակացան Արթուր Խաչատրյանի խոսքով, Փաշինյանը փորձեց քողարկել, բայց իրականում շատ հստակ ուղերձ հղեց՝ իր համար Արցախի հարցը փակված է, և Արցախը Ադրբեջանի ներքին գործն է։ Այդ նպատակով, ըստ ընդդիմադիր պատգամավորի, Փաշինյանը փորձեց աղճատել իրականությունը և հասարակությանը մոլորեցնելով պնդել, թե և' Հայաստանը, և' միջազգային հանրությունը վաղուց ճանաչել են Արցախը Ադրբեջանի մաս։ Եվ սա այն դեպքում, երբ Մադրիդյան սկզբունքների համաձայն, միջազգային հանրությունը, ի դեմս երեք համանախագահների, հայտարարում էր, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի կամ կամարտահայտման միջոցով։

«Ինքը չասեց՝ մենք դա ճանաչում ենք Ադրբեջանի մաս որպես։ Ինքը փորձեց ինչ-որ քողարկել, ասել, որ աշխարհը չի ճանաչել Արցախը որպես անկախ պետականություն կամ Հայաստանի մաս, Մադրիդյան սկզբունքները փորձեց աղճատել։ Բայց իր այդ աղճատելու, քողարկելու ձախող փորձի մեջ հստակ երևում էր իր ուղերձը։ Որ Արցախը իրենք ընդունում են որպես Ադրբեջանի մաս», - ասաց Խաչատրյանը։

Արթուր Խաչատրյան
Արթուր Խաչատրյան

Խոսելով արդեն Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամի մասին, ըստ Արթուր Խաչատրյանի, Փաշինյանը մեկ այլ ուղերձ էլ հղեց՝ որ Արցախի անվտանգության հարցը ինքը հանձնել է Ռուսաստանին և դրանով իսկ լվացել ձեռքերը։

«Եթե հանկարծ առաջիկայում Ռուսաստանը հայտարարի, որ չի կարողանում բացել Լաչինի ճանապարհը, և Արցախը պետք է ինտեգրվի Ադրբեջանին, ո՞րն է լինելու Հայաստանի քայլը», - հարցնում է պատգամավորը՝ շեշտելով , որ նույն իրավիճակը կարող ենք ունենալ Հայաստանի սահմաններին, որտեղ կանգնած են ռուսական զորքերը. - «Այսինքն՝ Հայաստանը ինչ-որ չափով իր անվտանգությունը դարձյալ պատվիրակել է ռուսական կողմին։ Եթե Թուրքիայից հարձակում լինի Շիրակի մարզի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերի վրա, մենք պետք է մեր երկիրը չպաշտպանե՞նք, ասե՞նք՝ դե ինչ անենք, ռուսները պետք է պաշտպանե՞ն»։

Խորհրդարանական ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ, Լաչինի միջանցքի շուրջ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանությունը իրավճակին ոչ համահունչ է գործում։ Այն դեպքում, երբ Արցախը շուրջ մեկ ամիս շրջափակված է, ամեն օր իրավիճակն ավելի է սրվում, և ճանապարհի փակմանը զուգահեռ, Ադրբեջանը խափանել է նաև Հայաստանից Արցախը սնուցող էլեկտրական միակ բարձրավոլտ գիծը. - «Ես ավելի շատ Նիկոլ Փաշինյանի հայտարարության տակ տեսնում եմ պատասխանատվությունից փախուստ, և ստեղծված իրադրությունը ամբողջովին Արցախի և Արցախի իշխանությունների ուսերին թողնելու մոտեցում, քան տեսնում եմ Արցախի, օրինակ, սուբյեկտայնությունը ընդգծելու տրամաբանություն։ Որովհետև այն, ինչ խոսում է Նիկոլ Փաշինյանը, դրան զուգահեռ ավելի բաց խոսքով խոսում են նրա թիմակիցները, որոնց հայտարարությունների հիմքում այն է, որ Լեռնային Ղարաբաղը ինքնին Հայաստան չէ, կամ Լեռնային Ղարաբաղը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում»։

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն անընդունելի է համարում Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանի իշխանությունը պետք է զբաղվի Հայաստանի հարցերով, իսկ Արցախի իշխանությունը՝ Արցախի հարցերի կարգավորմամբ. - «Սա անընդունելի է նախ և առաջ այն տեսանկյունից, որ Արցախը այս պահին այնպիսի իրավիճակում է և' աշխարհագրական, և' ռազմաքաղաքական, և առհասարակ Ադրբեջանի տոտալ վերահսկողության պայմաններում, հատկապես կոմունիկացիոն առումով, բնական է, որ Արցախը ինքն իրենով որևէ խնդիր չի կարող կարգավորել»։

Ի՞նչ պետք է անի այս իրավիճակում Հայաստանի իշխանությունը, որ չի անում Լաչինի միջանցքը բացելու համար։

Արթուր Խաչատրյանի համոզմամբ, եթե Փաշինյանն ընդունում է, որ միջանցքի բացման բանալին Ռուսաստանի ձեռքում է, ուրեմն պետք է նախ կարողանա աշխատել այդ երկրի հետ և ոչ թե միայն մեղադրանքներ ներկայացնի։ Եվ հետո, միջազգաին հարթակներում Արցախի շրջափակումը պետք է մարդասիրականից բարձրացնել քաղաքական հարթություն. - «Բայց «ճանաչում հանուն փրկության»-ը պետք է լինի այս իշխանությունների քաղաքական թեզը, քաղաքականությունը։ Բայց քանի որ իրենք արդեն հռչակում են, որ Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, իրենք այդ թեզը տանի»։

Տիգրան Աբրահմայանի համոզմամբ, նախ իշխանությունները հետևողական չեն իրենց գործողություններում, ինչի վկայությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի հարցի քննարկումն էր՝ առանց բանաձևի ընդունման, ու այդպես էլ չիրագործված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը։

Այժմ էլ, երբ Արցախը խոսում է օդային միջանցքը բացելու անհրաժեշտության մասին, Հայաստանի իշխանությունը պատշաճ չի արձագանքում և հարցը միջազգային կառույցներում առաջ չի մղում։

Տիգրան Աբրահամյանի կարծիքով ևս, Հայաստանի իշխանությունը բավարար չի աշխատում տարածաշրջանի հիմնական դերակատար Ռուսաստանի հետ. - «Հայաստանի իշխանությունները, անկախ հանգամանքներից, միջազգային դերակատարների հետ, և հատկապես այն երկրների, որոնք մեր տարածաշրջանում ունեն գործուն դերակատարություն, նրանց հետ նորմալ աշխատանքի ճակատ չեն ձևավորում, և փաստացի Հայաստանի համար ծանրագույն իրավիճակներում Հայաստանը մնում է մեն-մենակ»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG