Մատչելիության հղումներ

Մեզ խղճալ ու կարեկցել պետք չէ, պետք են տեսանելի ու գործուն քայլեր. Արցախի ԱԺ նախագահ


Արցախի խորհրդարանն իր հայտարարություններով դիմել է բոլոր մարդասիրական կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, քաղաքակիրթ աշխարհին, սակայն «մեր ձայնը մինչև այսօր լսելի չէ», նշել է Արցախի ԱԺ նախագահը:

«Արցախի ու Արցախի ժողովրդի թեման տեսականորեն շատ է շոշափվում միջազգային հարթակներում: Սակայն մեզ խղճալ ու կարեկցել պետք չէ, մեզ պետք են տեսանելի ու գործուն քայլեր», - գրել է Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան էջում:

Նա հայտնել է, որ Լաչինի միջանցքի փակ լինելու՝ Արցախի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած 270 արցախցի աշակերտ այսօրվանից հաճախելու են Գորիսի և Երևանի տարբեր դպրոցներ: ԱԺ նախագահը ընդգծել է, որ կոպտորեն խախտված են այս երեխաների տարրական իրավունքները:

«Մի՞թե փոքրիկ Արցախն ու կիսված ընտանիքների այս երեխաները իրենցից վտանգ են ներկայացնում հարևան Ադրբեջանի կամ Թուրքիայի համար», - նշել է նա իր գրառման մեջ:

Արցախի նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով հունվարի 9-ից ժամանակավորապես կկասեցվի։ Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով:

Այսօր Արցախի շրջափակման 29-րդ օրն է:

Ստեփանակերտից այս օրերին բարձրաձայնել էին մայրաքաղաքում գտնվող օդակայանի գործարկման անհրաժեշտության մասին, նման կոչով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին դիմել էր Արթուր Թովմասյանը:

XS
SM
MD
LG