Վանաձորում բնակվող Արթուր Թաթոսյանի տունն ու տասնամյակների ընթացքում ստեղծած ապրուստը 2020-ի պատերազմի հետևանքով մնաց Արցախում։ Արդեն մեկամսյա բլոկադայի հետևանքով էլ հարազատներն են այնտեղ մնացել։ Կարճատև աշխատանքի մեկնած զարմիկն ու վեց ընկերները արդեն մեկ ամիս Արցախից դուրս գալ չեն կարող։
Արթուրի քրոջ որդին՝ Արտյոմը Ստեփանակերտից հեռախոսով պատմում է՝ չի կարողանում գալ, հասնել հիվանդ կնոջն ու երեխաներին։ Մի քանի օր մեքենայում են քնել, հետո տեղի իշխանությունների աջակցությամբ տեղավորվել հյուրանոցում. - «Խանութներում խմիչք ա մնացել, մեկ էլ հաց։ Հացը կա։ Բանկոմատները փակ ա, բանկերում գումար չկա։ Մարդիկ չեն կարում մեր աշխատածը դաժե տան։ Չի էլ ըլնում մարդկանց խեղդես, ասես չէ, պըտի ճարեք... տենում ենք իրավիճակը ոնց ա»։
Արթուր Թաթոսյանն իր ընտանիքով 2000-ականներին է բնակություն հաստատել Արցախի Քաշաթաղի շրջանում։ Ասում է, որ այնտեղ բարեկարգ տուն է գնել, հողամաս ստացել, նոր կյանք սկսել, նաև ավագանու անդամ է ընտրվել՝ առանց կասկածի, թե երբևէ կարող է զրկվել ունեցածից։ Անգամ պատերազմի օրերին շրջանի ղեկավարների բերանով հավաստիացումներ են լսել, թե կռիվն իրենց տարածքներ չի հասնի, պաշտպանված են։
Պատմում է, որ մարդկանց ու իրերը տարհանելու արգելքների են հանդիպել մինչև տարածքը հանձնելու մասին պաշտոնական լուրերը. - «Ճանապարհները փակեցին, ասեցին մեր տարածքը ապահով ա, 250 հատ տանկ ա կայնացրած, ոչ մի բան չի էղնի... մարզպետն էր ասել։ Էկավ մեր մոտ ելույթ ունեցավ, թե՝ ոչ մեկդ խուճապի չմատնվեք, չգնաք տարածքից։ Ոչ մի բան չէին թողում տարհանեինք ընդեղից։ Դաժե մեզ էլ չէին թողում որ դուրս գայինք»։
Նշում է, որ պատերազմից առաջ պետությունը միլիարդների ներդրումներ արեց իրենց շրջանում, շենքեր կառուցեց, ենթակառուցվածքներ հիմնեց, դպրոցներ հիմնանորոգեց՝ հակառակորդին հանձնելու տխուր վերջաբանով. - «Մեր մոտ բասեիններ սարքեցին, կոյուղագծեր լրիվ քաշեցին կապրոնի տրուբեքով, բերեցին շենքեր սարքեցին, դաժե շահագործման հանձնեցին, դաժե ժողովուրդը ապրում էին։ Երեսուն տարի ջրհորի ջուր խմեցինք, էս էրկու-իրեք տարվա մեջ բերեցին արագ-արագ է՜ միլիարդներ ծախսեցին, էրկու հատ մեծ բասեին սարքեցին։ Մարդիկ սաղ իրանց տները եվրոռեմոնտ անում էին, մեբելներ էինք առնում, միլիոններ էին ծախսում մարդիկ...»
Այսօր բնակարանի ձեռքբերման 10 միլիոն դրամանոց սերտիֆիկատ է ձեռքներին, բայց Վանաձորում էլ այդ գնով տուն չեն կարողանում գտնել։ Աղջիկն էլ, տղան էլ Արցախում ընտանիք են ստեղծել, ապագայի պլաններ կազմել, բայց վերադարձել են Հայաստան՝ ամեն ինչ զրոյից սկսելու համար։ Արթուրի թոռնիկը երկու տարեկան է եղել, երբ հեռացել են Քաշաթաղից ու դեռ հիշում է այնտեղ թողած մանկասայլակներն ու հեծանիվը։
«Ես, ճիշտ ա, տասնըքանի տարի ընդեղ ապրել եմ, ստեղծել եմ, ստեղծել եմ, էսօր լրիվ քամուն տվեցին էս ղեկավարությունը... ոչ մի բան էսօր ես... սաղ ավտոներս թողել եմ ընտեղ, էկել եմ ուրիշի ավտո եմ քշում», - սրտնեղում է Արթուրը։
Նա ասաց, որ մերժել է Արցախում մնալու, հայկական կողմի վերահսկողության տակ մնացած մյուս շրջաններ տեղափոխվելու առաջարկները։
«Իմ մտերիմներից շատերը չմերժեցին՝ այսօր շրջափակման մեջ են», - ասում է ու դարձյալ ձեռքն առնում հեռախոսը, զանգելու փակ ճանապարհից այն կողմ մնացածներին։