Արցախում այն տնտեսվարողները, որ կկիրառեն պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար սահմանված մինչև 15 տոկոս չափով վերադիրը ներառող ապրանքների իրացման ավելի բարձր գներ, կզրկվեն ապրանքների մատակարարումից։ Այս զգուշացումն արել է Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը։
«Տնտեսավարող սուբյեկտներին զգուշացնում ենք, որ Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված, պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար սահմանել մինչև 15 տոկոսի չափով վերադիր»,- նշել է հանձնաժողովը:
Արդեն շուրջ մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի խանութներում արդեն ոչինչ չկա՝ միայն խմիչք ու թանկարժեք սոուսներ: Արցախի կառավարությունը պահուստային պաշարից որոշ մթերքներ է բաժանում խանութներին: Մինչև շրջափակումը ամեն օր հարյուրավոր տոննաներով սնունդ, դեղորայք, այլ ապրանքներ էին մտնում Արցախ, հիմա ոչինչ չի մատակարարվում, վառելիքի պակասն էլ ավելի է սրում իրավիճակը։
Լաչինի միջանցքը շարունակում է բաց մնալ միայն ռուս խաղաղապահների համար, երբեմն այստեղով անցնում են Կարմիր խաչի մեքենաները: