Մատչելիության հղումներ

Փաշինյանը Բիշքեկում կարևորել է նաև ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը


Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար և 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 80 տոկոսով, այսօր Բիշքեկում, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ վերջին տարիներին ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացումն ընթանում է ոչ դյուրին պայմաններում։

Կրկին անդրադառնալով ԵԱՏՄ ներսում գազի ընդհանուր շուկա ձևավորելու հարցին՝ Փաշինյանը շեշտել է՝ այն Հայաստանի համար զգայուն խնդիր է։

Վարչապետը նկատել է՝ թեև հաջողվել է ապահովել գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային համաձայնագրի նախագծի պատրաստվածության բարձր մակարդակ, սակայն մի շարք չլուծված խնդիրներ են մնում։

«Մենք պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել՝ կոնսենսուսի հասնելու և չլուծված հարցերի շուրջ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների շահերի հավասարակշռությունն ապահովելու համար՝ Միության ընդհանուր գազի շուկայի առավելություններն ու ներուժը լիովին օգտագործելու նպատակով», - ասել է Փաշինյանը։

Հայաստանի իշխանությունները պարբերաբար բարձրաձայնում են Եվրասիական տնտեսական միության երկրների էներգակիրների միասնական շուկա ստեղծելու խնդիրը։ Հարցը հատկապես կարևոր է անդամ այն երկրների համար, որ նավթ ու գազ չունեն՝ Հայաստանի, Բելառուսի և Ղրղըզստանի։ Փորձագետների կարծիքով` առաջիկա տարիներին դժվար թե ընդհանուր շուկայի հարցը վերջնական կարգավորվի, քանի որ ԵԱՏՄ անդամ երկրների մոտեցումներն այս հարցում տարբեր են։

Վարչապետն այսօր Բիշքեկում համագործակցության մեկ այլ կարևոր ուղղություն է համարել ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։

«Չինաստանի հետ առևտրատնտեսական համաձայնագրի իրականացումը, Իրանի, Սինգապուրի և Սերբիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի, Հնդկաստանի և Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագրերի շուրջ շարունակվող բանակցությունները լրացուցիչ խթան կհաղորդեն Միության՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացին», - ըստ Հայաստանի կառավարության՝ ասել է գործադիրի ղեկավարը՝ շեշտելով՝ դա իր հերթին կբերի ԵԱՏՄ ապրանքների արտահանման ծավալների ավելացմանը, արտաքին շուկաների դիվերսիֆիկացմանը, ներդրումների ներգրավմանը և երրորդ երկրների հետ միջազգային տնտեսական գործընկերության համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը։

XS
SM
MD
LG