Մատչելիության հղումներ

«Հող՝ փողի դիմաց»․ ընդդիմադիր պատգամավորը՝ երկաթգծի վերագործարկման մասին


Հող՝ փողի դիմաց․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն այսպես է բնութագրում Երասխ-Ջուլֆա- Օրդուբադ-Մեղրի - Հորադիզ երկաթուղու վերագործարկումը։

Հարցին, թե սա փոխշահավետ գործարք չէ՞, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, տնտեսական շահն իրենց [Ադրբեջան, Թուրքիա] համար բացարձակապես գնահատելի չէ և այն, ինչ անում են, «կուտ են տալիս իրենց փափուկ ուժի միջոցով, որպեսզի նաև տիրանան»։

Թադևոս Ավետիսյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Դուք սա տնտեսապես շահավետ ծրագիր համարո՞ւմ եք՝ Հորադիզ-Օրդուբադ այդ հայտնի երկաթգիծը վերագործարկելը՝ հաշվի առնելով, որ ռելսեր Հայաստանի տարածքում գրեթե չկան։

Ավետիսյան․ - Ձեր հայրենիքի մի մասը զավթում է, մի մասն էլ ուզում է զավթի թշնամին, էդ ոչինչ, բայց հիմա, «տեսեք, լավ կապրենք, ներդրումներ կլինեն» և այլն, մոտավորապես էսպես է՝ հող փողի դիմաց, բայց ախր էդ էլ չկա է։ Երբ որ խոսում էին էդ մասին, նորից վաչապետը խոսեց, ասեց՝ «ծրագրեր կան», թվեր հնչեցրեցին և այլն, էդ օրերին ես գնացի Երասխ, հերթական այցելություն առաջնագիծ, էն տարածքը, որ իրենք մատնանշում էին էդ ճանապարհը պիտի անցնի, թուրքն էդտեղից կրակում էր, և ես, որ հետաքրքրվեցի, դա պարբերական բնույթ էր կրում, և այդ ագրեսիան ակնհայտորեն էդ օրը կար։

«Ազատություն»․ - Այո, բայց Ռուսաստանի միջնորդությամբ եթե ապաշրջափակվո՞ւմ են ճանապարհները։

Ավետիսյան․ - Տեսեք, հիմա խնդիրը հետևյալն է՝ ո՞ւր են էդ հաշվարկները, այսինքն՝ էդ ի՞նչ ապրանքներ է, որ մենք պետք է արտահանենք էդ ճանապարհով, որ չենք կարողանում էս մյուս ճանապարհով արտահանենք, էդ ի՞նչ ներուժ մենք ունենք արտահանման, որ էդտեղից էդ մեծ օգուտները պիտի ստանանք, սա մեկ և երկրորդը՝ այսինքն հիմա մենք մտածում ենք էս իրավիճակում, երբ որ Ադրբեջանը ողջ ծավալով, իր ագրեսիվ ամբողջ զինանոցով հարձակվել է մեր երկրի վրա, մենք մտածում ենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են, որ հարևան Հայաստանը տնտեսապես զարգանա, ոչ։

«Ազատություն»․ - Էդ ճանապարհն իրենց էլ պետք չէ՞, սա փոխշահավետ գործարք չէ՞։

Ավետիսյան․ - Տնտեսական շահն իրենց համար բացարձակապես գնահատելի չէ։ Էն, ինչ անում են, ժողովուրդն ասում է՝ «կուտ են տալիս», ընդհանուր առմամբ, իրենց փափուկ ուժի միջոցով, որպեսզի նաև տիրանան։ Էն ագրեսիան, որ կա էսօր, էն պայմանները, որ մենք էսօր ունենք, որ ամեն վայրկյան իրենք սպառնում են մեզ պատերազմով, իրականում էստեղ մեծ հույսեր կապել, որ հեսա տնտեսական փոխշահավետ․․․ էսպիսի իրավիճակում նման խոսակցությունները, կարծում եմ, ավելի շատ թմրեցնող են, մարդկանց մոլորեցնող կամ հանգստացնող, քան ունեն իրական հենք։

Մոտ տասն օր առաջ՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե Երևանը «որոշակի ազդակներ է ստացել և հնարավոր է, որ նորից սկսի Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքը և առաջիկայում այդ ուղղությամբ երկաթգծի վերականգնման ոլորտում մեծ ներդրում անելու անհրաժեշտություն կարող է ի հայտ գալ»։​

Երեկ «Ազատության» հետ զրույցում խորհրդարանի Արտաքին հարաբերություների հանձնաժողովի իշխանական անդամ Սարգիս Խանդանյանն ասաց, որ հաշվի առնելով նոյեմբերին կայացած Փաշինյան-Պուտին քննարկումները և դեկտեմբերի 6-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումը՝ կարելի է հույս ունենալ, որ Երասխ-Ջուլֆա- Օրդուբադ-Մեղրի -Հորադիզ երկաթուղու վերականգնման հարցում որոշակի տեղաշարժ կլինի։ Ըստ հայկական կողմի՝ երկաթուղու վերագործարկման համար տեղաշարժի հույս կա, «գումարի խնդիր էլ չկա»։

Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում։​ Փաշինյանը հայտարարել է, որ այս հանդիպումից մի քանի օր անց Ալիևը հրաժարվել է պայմանավորվածությունն ամրագրող փաստաթղթի ստորագրումից։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG