Մոսկվան մտադիր է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացմանն ու խաղաղության պայմանագրի ստորագրմանը, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը Մոսկվայում՝ ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ։
Խոսելով Ռուսաստանի առաջնահերթությունների մասին՝ Սերգեյ Լավրովը հիշատակել է բոլոր այն հարցերը, որոնք այժմ քննարկվում են Երևանի և Բաքվի միջև՝ բանակցային տարբեր հարթակներում։
«Մենք շահագրգռված ենք տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ, սահմանի դելիմիտացիայով, խաղաղության պայմանագրով և ընդհանուր առմամբ՝ վստահության ամրապնդմամբ», - ասել է Լավրովն ու ընդգծել, որ դրան հասնելու համար անհրաժեշտ է հետևել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։
Լավրով-Բայրամով հանդիպումից առաջ հրապարակված պաշտոնական տեղեկանքում էլ Ռուսաստանի արտգործնախարարությունն ընդգծել էր, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերը շարունակում են աշխատանքը՝ համաձայնեցնելու կոնկրետ ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք թույլ կտան գործարկել երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցությունը։ Թե ինչ են ենթադրում այդ ծրագրերը, Ռուսաստանի արտգործնախարարությունը չի հստակեցրել։
Մինչ այդ թեմայի շուջ խոստումնալից հայտարարություն էր արել Հայաստանի վարչապետը։ Մոտ տասն օր առաջ՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե առաջիկայում «Հորադիզ-Մեղրի-Օրդուբատ-Սադարակ-Երասխ ուղղությամբ երկաթգծի վերականգնման ոլորտում մեծ ներդրում անելու անհրաժեշտություն կարող է ի հայտ գալ»։
«Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ երեկ ունեցած բանակցությունների ընթացքում մենք որոշակի ազդակներ կամ տեղեկություններ ստացանք, ինչը նշանակում է, որ կարող է լինել էական և լուրջ հնարավորություն, որ մենք նորից վերադառնանք և սկսենք երկաթուղու վերականգնման աշխատանքները։ Խոսքը Հորադիզ-Մեղրի-Օրդուբատ-Սադարակ-Երասխ երկաթուղու մասին է։ Կրկին ասում եմ՝ նախորդ դառը փորձը հաշվի առնելով, հիմա ուղղակի ուզում եմ տեղեկատվությունը կիսել, բայց ասել, որ դեռևս պետք է այդ ամեն ինչը վերահաստատվի և արձանագրվի»,- ասել էր Փաշինյանն՝ առանց հավելյալ մանրամասների։
Այս պահին հայտնի է միայն, որ Լավով-Բայրամով բանակցություններին զուգահեռ այսօր Կրեմլը նաև հատուկ պատվիրակ է ուղարկել Բաքու՝ հենց այս հարցով բանակցելու։
Ադրբեջանի նախագահականը, մասնավորապես, հաղորդում է, որ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ռուսաստանի նախագահի օգնական Իգոր Լևիտինին, կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ միջանցքի ընդարձակման հնարավորությունները և Զանգեզուրի միջանցքին առնչվող հարցեր»։