Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու մասին Արցախի հաղորդումից մոտ երկու ժամ անց պաշտոնական Բաքուն տեղեկացրեց, որ մասնագետներ է ուղարկել «ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայր՝ հետաքննելու և վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու այդ տարածքներում այդ գործունեության բնապահպանական հետևանքները»։
Թե ինչ օգտակար հանածոների շահագործման մասին է խոսքը, հստակ չէ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության դիմումի հիման վրա Պաշտպանության նախարարությունն է դիմել ռուսական խաղաղապահ զորակազմին։
«Այսօր ժամը 11-ին Ադրբեջանի բնապահպանության նախարարության աշխատակիցները, էկոնոմիկայի նախարարությանն առընթեր պետական գույքի ծառայության և «ԱզերԳոլդ» ընկերության աշխատակիցները մոտեցել են Ստեփանակերտի ու Շուշի քաղաքների միջև տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի անցակետին՝ տարածք մուտք գործելու համար»,- հաղորդում է Բաքուն՝ հավելելով, որ այս պահին խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ քննարկվում է այդ տարածքներում օգտակար հանածոների ապօրինի շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետաքննման և մոնիտորինգի փորձագիտական խմբի գործունեությունը։