Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը Երևանում քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, հայտնում է կառավարությունը:
Ինչպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նեղ կազմով նիստում, այնպես էլ Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ոչ բոլոր հարցերի շուրջ է հաջողվել հասնել կոնսենսուսի՝ 17 որոշումներից 15-ն են ընդունվել:
Այս մասին Վլադիմիր Պուտինը միայն ասել է, որ ընդհանուր առմամբ, աշխատանքը շատ ինտենսիվ է տարվել և օգտակար՝ ավելացնելով. «Հազվադեպ է հաջողվում համաձայնության հասնել բոլոր հարցերի շուրջ»:
Երևանը կազմակերպությունից քաղաքական գնահատական է ակնկալում, որը սակայն, այդպես էլ չի հնչել, ավելի վաղ ասել էր Փաշինյանը, ընդգծել, որ դաշինքի քաղաքական գնահատականի բացակայության պատճառով ինքը հրաժարվում է ստորագրել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը։
«ՀԱԽ նիստում ես խոսեցի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման մասին, որոնք մենք Ձեր օգնությամբ և միջնորդությամբ ընդունել ենք Ադրբեջանի նախագահի հետ: Դրանք շատ կարևոր հարցեր են, որոնք իհարկե պետք է քննարկենք, ինչպես նաև քննարկենք օրակարգը, որը հույս ունենք՝ կբերի մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության», - հանդիպման մեկնարկին ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Երբ հանդիպեցինք, ավտոմեքենայով գալիս էինք, քննարկեցինք տարածաշրջանային բնույթի հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում կարգավորմանը վերաբերող հարցեր, խոսեցինք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին», - հավելել է Պուտինը՝ առանց այլ մանրամասների:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից կայացած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը խոսել են նաև երկու երկրների տնտեսական հարաբերություններից: Ըստ ՀՀ ղեկավարի՝ այս տարի Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 80 տոկոսով:
Վլադիմիր Պուտինը Երևանում մասնակցում է ՀԱՊԿ գագաթնաժողովին: