Մատչելիության հղումներ

Համայնքապետարանի աշխատակիցը աշխատանքից հեռացվել է «քաղաքական զսպվածություն» չցուցաբերելու համար


Ընդդիմության հանրահավաք Վանաձորում։ 7-ը մայիսի, 2022
Ընդդիմության հանրահավաք Վանաձորում։ 7-ը մայիսի, 2022

Վանաձորի համայնքապետարանի 20 տարվա աշխատակից Արթուր Ղազարյանն անցած շաբաթ գործազուրկ է դարձել՝ սեփական կամքին հակառակ։ Վերադասը նրան ու քաղաքաետարանի ևս մեկ աշխատակցի ազատել է գործից՝ սոցիալական ցանցերում քաղաքական դիրքորոշում արտահայտելու, գործի ժամերին ցույցերի մասնակցելու համար։ Դա համարել են «Համայնքային ծառայության մասին» օրենքի խախտում։

«Իրանք դա ընդունել են, որ ես իրանց քաղաքական հակառակորդն եմ։ Այսինքն՝ հակառակորդ չէ։ Քանի որ իրանք ուրիշ ձևով են մտածում, ես իրանց քաղաքական թշնամին եմ։ Դրա համար անհեթեթ պատճառաբանությամբ ազատել են աշխատանքից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղազարյանը։

Դավիթ Հակոբյան
Դավիթ Հակոբյան

«Ընդամենը ասել եմ, քանի որ դուք համայնքային ծառայող եք, խնդրել եմ քաղաքական զսպվածություն դրսևորել։ Խնդրանքս էդ ա էղել», - ասաց Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հակոբյանը՝ պարզաբանելով, թե ինչու է անզուսպ համարել Ղազարյանի պահվածքը. - «Ատելություն, վիրավորանք երկրի ղեկավարին, այլ պաշտոնյաներին, քաղաքացիներին, որը համայնքային ծառայողի կողմից, կարծում եմ, անթույլատրելի է։ Նաև օրենքն ա դա ասում»։

Հակոբյանն է ստորագրել հրամանը՝ փաստաթղթին կցելով ենթակաների ֆեյսբուքյան էջերից արված քաղվածքներ` իշխանություններին քննադատող հոդվածներով ու հայտարարություններով։ Որպես ապացույց ներկայացված են նաև լուսանկարներ, թե նրանք մասնակցել են ընդդիմության հանրահավաքներին. - «Հանրահավաքների են մասնակցել... եղել է նաև աշխատանքի ժամին։ Նաև աշխատանքի ժամին սոցիալական ցանցերով կոչեր, վիրավորանքներ երկրի ղեկավարին»։

Արթուր Ղազարյան
Արթուր Ղազարյան

Ղազարյանը հակադարձում է. - «Իրանց ներկայացրած փաստերը, ոնց որ իրանք են ասում՝ օդից կախված լուրեր են»։

Նա չի հերքում, որ վեց ամիս առաջ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին աշխատել է նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի օգտին։ Աշխատանքից ազատված գործընկերն էլ եղել է նրա գլխավորած ընտրացուցակում։ Բայց պնդում է, թե իր քաղաքական հայացքները ամենօրյա աշխատանքի վրա որևէ կերպ չեն ազդել, աշխատանքային ժամերին էլ ցույցերի չի մասնակցել. - «Ես իմ աշխատանքային ժամերին բացարձակ իմ դիրքորոշումը ոչ մի անգամ չեմ ցույց տվել, մասսայական չեմ արտահայտել, միտինգներին չեմ մասնակցել։ Թե աշխատանքից հետո ես ինչ եմ անում ու ոնց եմ անում, դա արդեն իմ անձնական գործն ա»։

Ղազարյանը պնդում, է, թե իրականում վերադասը գործել է է՛լ ավելի վերևների՝ մարզային իշխանությունների հրահանգով։ Որպես ապացույց մեջբերումներ է անում անձնական զրույցներից. - «Մի քանի հոգու ներկայությամբ ասել ա՝ եթե ես ձեզ չեմ ազատում աշխատանքից, ինձ են ազատելու աշխատանքից։ Պարոն Հակոբյանի քաղաքական հիմնավորում էղել ա միակ էդ։ Զգուշացումներ չի էղել, ամեն մեր հանդիպում էղել ա ընդամենը, որ մենք դիմում գրենք, հեռանանք»։

Համայքապետարանի աշխատակազմի ղեկավարը մեղադրանքը չի ընդունում. - «Ոչ։ Ես գիտեմ, որ իրանք պնդել են, նման բան չի եղել ընդհանրապես։ Քանի որ ես եմ հրաման տվողը, որևիցե մեկը իմ կայացրած որոշումների կամ հրամանների վրա չի կարող ազդեցություն ունենալ, որովհետև բացառապես իմ հրամանները և որոշումները բխում են միայն օրենքից»։

Առաջիկայում կողմերի այս փաստարկները կլսվեն դատարանում․ Ղազարյանն ու նրա գործընկերը դատի են տվել համայքային իշխանությանը՝ կորցրած աշխատանքը վերականգնելու համար։ Սա վերջին ամիսների ընթացքում նմանատիպ արդեն երկրորդ դատական հայցն է Լոռու մարզում։ Մինչ այդ էլ դատարան էր դիմել ընդդիմադիր «Մամիկոն Ասլանյան» դաշինքի մեկ այլ անդամ ՝ պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնում վերականգնվելու պահանջով։ Այդ գործով քննությունը դեռ չի ավարտվել։

Դիմումատուները, սակայն, վստահ են, որ եթե նույնիսկ հայաստանյան դատարաններում չհաղթեն, եվրոպական ատյան կդիմեն։ Հիշեցնում են Լոռու մարզպետարանի նախկին աշխատակից Արմեն Հովհաննիսյանի դեպքը, որ 2008-ին ազատվել էր աշխատանքից՝ ընդդիմադիր Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ցույցերին մասնակցելու համար։ Մեկ տարի առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր նրա հայցն ու պարտավորեցրել Հայաստանի կառավարությանը յոթ հազար եվրոոյի փոխհատուցում վճարել՝ քաղաքացու խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը խախտելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG