Մատչելիության հղումներ

Ջալալ Հարությունյանը վիրավորվել է. Արցախի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Միքայել Արզումանյանը


Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյան, արխիվ
Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյան, արխիվ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար - Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

Հարությունյանի մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Այդ մասին Արցախի նախագահը հայտարարեց այսօր առավոտյան:

«Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով, և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա:

Ապաքինում եմ մաղթում Ջալալ Անատոլիին և համոզված եմ, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության:

Վստահ եմ, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը և ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի», - Ֆեյսբուքում գրում է Արայիկ Հարությունյանը:

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, իր հերթին, Ֆեյսբուքում գրում է. - «Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։ Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։

Այդ ծանր պարտականությունների կատարումը Նախագահ Հարությունյանը վստահել է գեներալ Արզումանյանին։ Ստեղծված պատերազմական ծանր իրավիճակում, իսկապես, շատ են անելիքները»։

Ջալալ Հարությունյանը Արցախի պաշտպանական գերատեսչությունը ղեկավարում էր այս տարվա փետրվարից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG