Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին


Այսօր մեղադրանք է առաջադրվել Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին։ 44-օրյա պատերազմի օրերին՝ նախքան ծանր վիրավորումը Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած գեներալ-լեյտենանտը մեղադրվում է ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ։

Ըստ իրավապահների՝ նրա գործողությունների հետևանքով հայկական ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ, պահեստային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։

Այժմ Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը զբաղեցնող Հարությունյանի պաշտոնավարումը կասեցվել է, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Քննչական կոմիտեն երկու դրվագ է ներկայացնում 47-ամյա Հարությունյանի մեղադրանքից։ Մեկը 2020 թվականի հոկտեմբերի 7-ի հայկական կողմի ձեռնարկած հակահարվածի մասին է, այն դեպքում, երբ հայկական կողմը 1։5 հարաբերակցությամբ թե՛ քանակապես, թե՛ որակապես զիջել է հակառակորդին, մինչդեռ մարտական կանոնադրությամբ հարձակողական գործողության ժամանակ անհրաժեշտ է հակառակորդին գերազանցել 1:3 հարաբերակցությամբ, հակահարված իրականացնող ստորաբաժանումների միջև բացակայել է փոխգործակցությունը։

Նախաքննական մարմնի փոխանցմամբ՝ Հարությունյանի այս գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝ ձախողվել է բանակային հակահարվածը։ Ավելի ուշ Հարությունյանը ձևավորել է նոր զրահախումբ և նրանց առջև ըստ էության դրել նույն մարտական խնդիրը, այն դեպքում, որ այս նոր զրախումբը էապես զիջել է հոկտեմբերի 7-ին հակահարձակման օպերացիայում ընդգրկված ուժերն ու միջոցները։

Հոկտեմբերի 8 -ի այդ մարտական առաջադրանքը ևս ձախողվել է, առաջացնելով ծանր հետևանքներ։ Խոսքն ըստ էության Ջաբրայիլի հատվածում Լելե Թեփե բարձունքը հետ գրավելու փորձի մասին է։ Այս մասին անցած տարի ապրիլին Ազգային ժողովում խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա էլ ասում են՝ ես որոշում եմ կայացրել, որ Սերժ Սարգսյանը Լելե Թեփեն հանձնել ա, ես ասել եմ՝ գնացեք գրավեք ու այդ համատեքստում 700 զոհ ա եղել, կատարյալ անհեթեթություն: Էդ օպերացիան առաջարկի հեղինակը եղել ա գեներալ, այդ առաջարկը ընդունելի ա համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության իրականացումը գնահատել ա գեներալ և որոշումը կայացրել ա գեներալ: Ընդ որում՝ այնպիսի գեներալ, որոնք այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորություն ունեցել են: Այո, այդ քննարկման խոսակցությունների մի հատվածին ես ներկա եմ եղել, ես մոդերացիա եմ արել խոսակցությունը և սեփական կարծիք ընդհանրապես չեմ հայտնել՝ դա լավ տարբերակ է, թե՝ վատ: Ես ասել եմ՝ դու ի՞նչ կարծիքի ես, դու ի՞նչ կարծիքի ես և ամենաբարձրաստիճանին եմ հարցրել՝ դու ի՞նչ կարծիքի ես, ասել ա՝ «լավ միտք ա», որից հետո տվել ա հանձնարարական, հանձնարարականով ասել ա՝ գնահատեմ իրադրությունը, զեկուցեմ, գնացել ա իրադրությունը զեկուցել ա, ասել ա, որ այո, դա պետք ա ու կարելի ա անել», - նշել է Փաշինյանը:

Հաղորդագրության մեկ այլ դրվագով նկարագրվում են Ֆիզուլիի կամ Վարանդայի շրջանի Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում հոկտեմբերի 12-ի իրադարձությունները։ Ըստ ՔԿ-ի՝ այնտեղ նկատվել է 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ դեպի կրակային դիրքի ուղղությամբ, որոնց մեջ նկատվել են նաև Հայաստանի ԶՈՒ համազգեստ կրող անձինք: Կասկածելով, որ մոտեցողները հակառակորդի դիվերսիոն խումբ են, ռադիոկապով զեկուցել են այդ մասին։

Ջալալ Հարությունյանը, ըստ մեղադրանքի առանց համակողմանի ուսումնասիրության նշել է, որ տվյալ խմբավորումը յուրային է, ինչը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին: Դիվիզիոնի հրամանատարը կասկածանքով է վերաբերվել ստացված տեղեկությանը մի քանի անգամ ևս խնդրել է ճշգրտել, սակայն նույն պատաsխանն է ստացել։ Արդյունքում 2-րդ մարտկոցի անձնակազմը մարտ վարելով և կրելով 3 վիրավոր, հասցրել է դուրս գալ կրակային դիրքից՝ այնտեղ թողնելով հրանոթները և այլ նյութական միջոցները, մինչդեռ 1-ին մարտկոցը հայտնվել է անմիջապես հակառակորդի թիրախում, զոհվել են մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ, վիրավորվել` 7 -ը, մինչև հիմա անհայտ է փոխգնդապետի գտնվելու վայրը։ Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում N զորամասը անցել է հակառակորդի հսկողության տակ` այնտեղ պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերով, հակառակորդը ստացել է տարածքային և ռազմավարական առավելություն տվյալ շրջանում։

Ջալալ Հարությունյանը անպատասխան թողեց մեր զանգերը, նրա փաստաբանին գտնել ևս մեզ չհաջողվեց։ Այսօր ավելի վաղ ԱԺ -ում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը ակնարկել էր, որ ավելի վաղ Շուշիի անկման գործով կալանավորված և պատերազմի օրերին ՊԲ հրամանատարի պաշտոնում փոխարինած գեներալ Միքայել Արզումանյանի գործը միակը չի լինելու։

Օրեր առաջ Քննչականը Միքայել Արզումանյանի մեղադրեց զինվորական պաշտոնական անփութության և իշխանության չարաշահման համար:

Ի տարբերություն Ջալալ Հարությունյանի՝ Միքայել Արզումանյանը կալանավորվել է։

XS
SM
MD
LG