Առաջիկա օրերին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովում արտահերթ նիստ է նախաձեռնելու՝ բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթուղթ ընդունելու համար, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, եթե Նիկոլ Փաշինյանն անկեղծ էր Կառավարության հարցուպատասխանի ժամանակ, և Արցախի հարցում ընդդիմության ու իշխանության տեսակետները նույնական են, իշխանական պատգամավորները չպետք է որ իրենց բացակայությամբ խոչընդոտեն արտահերթ նիստը:
«Առաջիկա օրերին նաև ընդդիմությունը նախաձեռնելու է Ազգային ժողովում երկու հիմնարար փաստաթուղթ բանակցային պրոցեսում Հայաստանի կարմիր գծերի, դիրքորոշումների հետ կապված, և եթե Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից նման բան է հայտարարել և անկեղծ է դրա մեջ, հույս կունենամ, որ իշխանության խմբակցությունը ևս կմիանա, և հակառակ նախկինում իր գործելաոճի, որ բազմաթիվ անգամներ ընդդիմության նախաձեռնած նման արտահերթ նիստերի, հայտարարությունների ընդունման, Հայաստանի Ազգային ժողովի հստակ դիրքորոշման արտահայտման բոլոր նախաձեռնությունները չի բոյկոտի, ինչպես եղել է միշտ, և այս անգամ քաղաքական մեծամասնությունը՝ խորհրդարանական կգա և կողմ կքվեարկի ընդդիմության կողմից առաջադրված և օրերս Ադրբեջանի Ազգային ժողովի հայտարարության ի պատասխան՝ Ազգային ժողովի հայտարարության նախագծի և ընդհանարապես բանակցային պրոցեսում Հայաստանի դիրքորոշման հստակ արտահայտելու», - ասաց Մանուկյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում, անդրադառնալով ռուսական առաջարկներին, հայտարարեց, որ իշխանությունների դիրքորոշումը նույնական է ընդդիմության և Արցախից հնչող դիրքորոշման հետ, որ Հայաստանը շատ ավելի վաղ է համաձայնություն տվել Արցախի հարցը անորոշ ժամանակով հետաձգելու ռուսական առաջարկին:
Ընդդիմությունը Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանին չէր մասնակցում:
«Ո՞վ ասաց, որ Արցախի հարցի ձգձգումը բխում է Հայաստանի կամ Արցախի շահերից»
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանն «Ազատությանն» ասաց՝ իր համար տարօրինակ է, որ իրենց խմբակցության տեսակետը փորձ է արվում կապել այս կամ այն մայրաքաղաքի մոտեցման հետ, և ո՞վ ասաց, որ Արցախի հարցի ձգձգումը բխում է Հայաստանի կամ Արցախի շահերից:
«Մեր խմբակցությունը կամ Հանրապետական կուսակցությունը դրա հետ կապված երբևէ չի հայտարարել, թե իր դիրքորոշումն այս կամ այն մայրաքաղաքի մոտեցման մեջ է։ Մեզ համար կային կոնկրետ սկզբունքներ՝ բավականին հստակ, որը նաև նախորդ տասնամյակում՝ 2008-2018 թվականի ընթացքում մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություն են եղել, կար բանակցային գործընթաց, որտեղ, կրկնում եմ, հասել էինք մի կետի, որտեղ ինքնորոշման իրավունքի սկզբունքն ամրագրված էր փաստաթղթով, այդ փաստաթուղթն ընդունվել էր Ադրբեջանի կողմից։
Իսկ ի՞նչ ունենք այսօր, այսօր չունենք բանակցային գործընթաց, հնչող հայտարարությունները կա՛մ բխում են նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթից, կա՛մ ինչ-որ բանավոր հայտարարարություններից, ինքնորշման իրավունքի մասին նույնիսկ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն են վախենում խոսել, դեռ չեմ խոսում դրանք քննարկումների կամ բանակցությունների առարկա լինելու մասին, և այստեղ խոսել նրա մասին, որ ընդդիմության մոտեցումները համահունչ են գործող իշխանությունների մոտեցումների հետ, դա կարծում եմ, որևէ ձևով կապ չունի իրականության հետ», - ասաց Աբրահամյանը։