Երևանն ու Բաքուն այսօր բանակցում են հիմնական սկզբունքները, որի շուրջ պետք է կառուցվեն երկու հարևան երկրների հարաբերությունները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Փոխարտգործնախարարը շեշտեց՝ ոչ ռուսական, ո՛չ ամերիկյան, ո՛չ ֆրանսիական, ո՛չ Եվրամիության տարբերակ չկա, կա տարբերակ ադրբեջանական և հայկական, այսինքն, ըստ Հովհաննիսյանի, այլ փաստաթուղթ չի ստացվել որևէ մայրաքաղաքից։ Այժմյան բանակցություններն արտգործնախարարների մակարդակով ընթանում են երկու կողմերի մոտեցումների շուրջ, ասաց Հովհաննիսյանը։
Երեկ Ազգային-ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանն առաջարկել է Ադրբեջանի հետ խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել՝ երբ որ շրջանակն է գծվում, առանց շատ մեծ կոնկրետությունների։
«Ազատության» հարցին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում շրջանակային պայմանագիրը, փոխարտգործնախարարը պատասխանեց․ - «Շրջանակային պայմանագիրն այն սկզբունքների հավաքածուն է, որի վրա պետք է կառուցվեն երկու երկրների հարաբերությունները, որն, իհարկե, ընդգրկում է տարածքային ամբողջականության ճանաչում, այն ձևաչափով, ինչով երկու երկրները ճանաչել են իրենց անկախությունը և տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի արձանագրությամբ և հռչակագրի հիման վրա»։
Պրահայում հաջողվել է դրա շուրջ ինչ-որ համաձայնության հասնել, նկատեց Հովհաննիսյանը, շեշտելով՝ այսինքն՝ շարունակել բանակցություններն այդ սկզբունքում։
«Մի փաստաթուղթ, որը երկու երկրներն էլ ստորագրել են և վավերացրել են 90-ականների սկզբին։ Ամբողջ փաստաթուղթը կազմված է ՄԱԿ-ի կանոնադրության, Ալմա-Աթայի փաստաթղթերի, այնտեղ մի քանիսն են և այլ փաստաթղթերի, որը թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն արդեն իսկ ստորագրել և ընդունել են», - եզրափակեց Հայաստանի փոխարտգործնախարարը։
Պրահայում հոկտեմբերի 7-ին կայացած քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն ընդունվեց։ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար։