Մատչելիության հղումներ

Բերդի նախկին համայնքապետը կալանավորվեց


Բերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանը կալանավորվել է։

Նա մեղադրվում է իր պաշտոնավարման տարիներին ապօրինի շինարարությունը չդադարեցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և լիազորությունները չարաշահելու մեջ։

Երեկ նրան ձերբակալել էին Բերդի նորընտրիր ավագանու նիստից անմիջապես առաջ, որի ընթացքում համայնքի ղեկավար էր ընտրվելու։

Մանուչարյանը չէր հավակնում համայնքապետ դառնալ, քանի որ սեպտեմբերին կայացած ընտրություններին ամենաշատ թվով ձայներ ստանալուց հետո ինքնաբացարկ էր տվել։ Մանդատից հրաժարվելու դիմումը գրել էր բանտում, որտեղ գտնվում էր արդեն մեկ տարի մեկ այլ քրեական գործով՝ նույնատիպ մեղադրանքով։ Արդեն դատարանում քննվող այս գործով Հարություն Մանուչարյանը դեռ իր պաշտոնավարումից առաջ ապօրինի շինություն էր կառուցել, և պաշտոնը ստանձնելուց հետո կեղծ փաստաթղթերով այն ձևակերպել որդու անունով։

Մանուչարյանը, որ մինչև երեկ դեռ համարվում էր Բերդի փաստացի համայնքապետը, պետք է վարեր ավագանու նիստը, բայց այն տեղի ունեցավ իր բացակայությամբ։ Ավագանու 21 անդամներից 11-ը քվեարկեց նախկին համայնքապետի գլխավորած «Հզոր համայնք» դաշինքի թեկնածու Աստղիկ Հակոբյանի օգտին։ Թեկնածուներ էին առաջադրել նաև ավագանու մյուս երկու խմբակցությունները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Արժանապատիվ սերունդ» դաշինքը։

Կալանքի տակ է նաև «Հզոր համայնք» դաշինքի ընտրական ցուցակի երկրորդ համարը զբաղեցրած Սամվել Հովսեփյանը, որ նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանի կալանքի տակ եղած մեկ տարվա ընթացքում կատարել է համայնքապետի պարտականությունները։ Նա կալանավորվել է սեպտեմբերի 25-ի ընտրությունների գիշերը նախընտրական խախտումների, մասնավորապես, մանկապարտեզի տնօրենի նկատմամբ իրենց ընտրական ցուցակում ընդգրկվելու հարկադրանքի և աշխատանքից ազատելու սպառնալիքի համար։ Նա ևս կալանավորվելուց հետո հրաժարվել էր ավագանու անդամությունից։

XS
SM
MD
LG