Մատչելիության հղումներ

Բերդ համայնքի ղեկավարի ընտրությունից ժամեր առաջ կրկին ձերբակալվել է նախկին համայնքապետը


Բերքի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանը, արխիվ
Բերքի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանը, արխիվ

Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու նիստը, որտեղ պետք է ղեկավար ընտրեին, այսօր սկսվեց արտակարգ պայմաններում` քվեարկությունից ժամեր առաջ հաղորդվեց, թե ձերբակալվել է նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանը, ում ղեկավարած «Հզոր համայնք» դաշինքն ամենաշատ թվով ձայներն էր ստացել սեպտեմբերին կայացած համայնքային ընտրություններում: Ընդ որում, Մանուչարյանն այդ ժամանակ գտնվում էր բանտում` իր պաշտոնավարման տարիներին պաշտոնեական դիրքը չարաշահելու և կեղծիք կատարելու մեղադրանքով:

Մեկ տարվա կալանքից հետո, սակայն, անցած ամիս նա ազատ էր արձակվել գրավի դիմաց: Դատարանի այդ որոշումը քաղաքական ենթատեքստ էր ստացել, քանի որ բանտից դուրս գալուց մեկ օր առաջ հաղթած ուժը գլխավորող թեկնածուն ինքնաբացարկ էր հայտնել ու հրաժարվել մանդատից: Ու թեև նա այսօրվա քվեարկությանը չէր էլ մասնակցելու, բայց ըստ կուսակիցների, պիտի գար, որ նիստը վարեր, բայց նրա ձերբակալությունը փոխեց իրավիճակը, «Ազատությանն» ասաց ավագանու անդամ Արամ Նիգոյանը։

Նա չմեկնաբանեց, թե ինչպես են իշխանություն ձևավորելու դաշինքի առաջնորդին ներկայացված նոր մեղադրանքների պայմաններում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» այս համայնքում երկրորդն է ստացած ութ ձայներով, «Զորավոր համայնքը» 11 մանդատ ունի, «Արժանապատիվ սերունդը»՝ 2։

Անգամ քիչ թվով ձայներ ստացած երկու կուսակցությունների միավորման դեպքում նրանց ձայները չէին գերազանցի նախկին համայնքապետի գլխավորած դաշինքին, ուստի վերջիններս էլ 11 ձայնով համայնքապետ ընտրեցին Աստղիկ Հակոբյանին։

10 տարի Բերդ համայնքը ղեկավարած Հարություն Մանուչարյանն այսօր ձերբակալվել է նոր հարուցված քրեական վարույթի շրջանակներում։ Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ նա իր պաշտոնավարման տարիներին չի դադարեցրել ապօրինի շինարարությունը, պաշտոնեական կեղծիք է թույլ տվել և չարաշահել լիազորությունները։ Նմանատիպ մեկ այլ քրեական գործով նա մեկ տարի բանտում էր։ Գործն արդեն դատարանում է։ Մեկ ամիս առաջ դատարանը բոլոր վկաներին հարցաքննել էր, համարել, որ դատաքննության վրա ազդելու բոլոր հիմքերն արդեն վերացված են, ու ամբաստանյալ Հարություն Մանուչարյանին գրավի դիմաց ազատ արձակել։ Թե ինչ հանցագործություն է, որ իրավապահները գտել ու նոր վարույթ են հարուցել, ինչու նախկինում սա չէր հայտնաբերվել, հնարավոր չեղավ պարզել։ Մանուչարյանի փաստաբանն ասաց՝ քննչական գործողությունների մեջ են, առերեսումներ են տեղի ունենում։ Նախկին համայնքապետին կալանավորելու որոշում դեռ չի կայացվել։

XS
SM
MD
LG