Երեկ Հայաստանի 18 համայնքներում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ էին, որոնցից միայն 9-ում է հաղթել իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը (ՔՊ)՝ Արագածոտնի մարզի Թալին և Ծաղկահովիտ համայնքներում, Լոռու Գյուլագարակ, Լոռի Բերդ համայնքներում, Վայոց ձորի Արենիում և Եղեգիսում, Կոտայքի Ակունքում և Ջրվեժում, Սյունիքի Սիսիանում:
Ի դեպ՝ Ջրվեժում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր»-ը միակ առաջադրված կուսակցությունն էր, ընտրողների ամենացածր մասնակցությունն է գրանցվել՝ ընդամենը 27 տոկոս։
Երեկվա ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են սահմանային Սյունիքում: Սիսիանում, որտեղ առաջադրված 7 ուժերից հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը, քվեարկել է ընտրողների 55, իսկ Քաջարանում՝ մոտ 78 տոկոսը, թեև Սիսիանի ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովներում նշում էին, որ վերջին ռազմական գործողությունների պատճառով քվեարկությունը պասիվ է. - «Պատերազմական իրավիճակի պատճառով շատերն են գնացել, այսօր որոշները չեն վերադարձել, որոնք ազդում են նաև ընտրություններին մասնակցության թվի վրա»:
Եթե Սիսիանում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ապա հարևան Քաջարանում առավելություն ունի իշխող կուսակցության մրցակիցը՝ «Դեպի միասնություն» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է 2016-ից համայնքը ղեկավարող Մանվել Փարամազյանը, ում նկատմամբ հարուցված քրեական գործն արդեն մեկ տարի դատարանում է։ Նա մեղադրվում է 5-6 տարի առաջ պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և համայնքային գույքը յուրացնելու մեջ։ Անցած տարի Փարամազյանին նախ կալանավորել, ապա ամիսներ անց 70 միլիոն դրամի գրավով ազատ էին արձակել։
Ուշագրավ արդյունքներ են գրանցվել Տավուշի Բերդ համայնքում։ Այստեղ հաղթել է «Զորավոր համայնք» դաշինքը, որի ցուցակը գլխավորող Հարություն Մանուչարյանը մոտ մեկ տարի է կալանավորված է համայնքին էական վնաս պատճառելու մեղադրանքով։ Նա Բերդի գործող համայնքապետն է 2012 թվականից։ Մանուչարյանի դեմ քրեական գործը ևս դատարանում է։
Քրեական հետապնդման ենթարկվող մեկ այլ թեկնածու էլ հաղթել է Շիրակի մարզի Անի համայնքում։ Գործող հանրապետական ղեկավար Արտակ Գևորգյանը դեռ 2019 թվականից մեղադրվում է համայնքի բյուջեն վատնելու համար։ Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել համայնքապետի հրաժարականի պահանջով տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո։ Երկարատև ակցիաներից ու չարաշահումների մեղադրանքով քրեական գործերից հետո անգամ գործող համայնքապետը հրաժարական չտվեց, գործն արտահերթի չհասավ, ու երեկ էլ Գևորգյանը հաղթեց իր երկու մրցակիցներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հայկական երազանք» կուսակցություններին:
Անիում քվեարկությանը մասնակցել է ընտրողների շուրջ կեսը։ «Ազատության» հարցին՝ «իսկ ի՞նչ սպասելիքներ ունեք, ում որ ընտրել եք», ընտրողներից մեկն արձագանքեց. - «Ում որ ընտրել ենք, մեր բողոքները ըսինք, աշենք՝ կընդառաջե՞ն, թե՞ չէ»:
Մեկ այլ կին էլ հարցին՝ «իսկ ում որ ընտրել եք, լավ բան սպասո՞ւմ եք», պատասխանեց. - «Հա, գիտեմ, որ մարդկային մարդ է: Գոնե որ խոսում ես, մարդը շնորհքով ճամփու է դնում»:
Մրցակցությունը թեժ էր Լոռու մարզի Ալավերդի և Գյուլագարակ համայնքներում՝ «Քաղաքացիական պայմանագրի» ու «Ապրելու երկրի» միջև։ Ալավերդիում ընդամենը 234 ձայնով հաղթեց «Ապրելու երկիր»-ը, Գյուլագարակում 48 ձայնի առավելություն ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր»-ը։
Գյուլագարակում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն ավելի քան մեկ տարի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն էր՝ նախկին համայնքապետի հրաժարականից հետո։
Ալավերդիում էլ գործող համայնքապետը հանրապետական է: Նա ու իր թիմը գոնե ակնառու չմասնակցեցին քարոզարշավին և չաջակցեցին թեկնածուներից որևէ մեկին: Հիմնական մրցակիցների հետ առաջադրված Հայ ազգային կոնգրես և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները ձայների 2-ական տոկոս են ստացել։ Այստեղ ևս քվեարկությունը պասիվ էր։ Ընտրական տեղամասերում ու նախընտրական շտաբներում դա բացատրում էին սահմանային վերջին արյունալի բախումներով, շեշտում, որ կուսակցությունները հրապարակային քարոզարշավ գրեթե չեն արել.
«Էս պահին ունենք երկրում շատ լուրջ խնդիրներ, որ ժողովրդական խոսքով ասած՝ մարդկանց աչքը չի գալիս...»:
«Ժողովուրդը երևի մի քիչ արտագնաց, ժողովուրդը պակսել ա ահագին: Հետո կա, որ հավատը կորցրել ա...»:
Լոռու Տաշիրում 5 տարվա գործող համայնքապետը հաղթել է «Քաղաքացիական պայմանագրին»՝ զգալի տարբերությամբ։
Գեղարքունիքի Ճամբարակում էլ ընտրություններին մասնակցած միակ կուսակցությունը «Դեմոկրատական այլընտրանքն» էր։ Ընտրողների մոտ 50 տոկոսը մասնակցել ու, այլընտրանք չունենալով, ձայն է տվել այս կուսակցությանը։