Մատչելիության հղումներ

Բերդի՝ կալանքից ազատված համայնքապետը պնդում է, որ ինքնակամ է հրաժարական տվել


Բերդի ընտրված համայնքապետ Հարություն Մանուչարյանը, որ բանտից ազատվեց պաշտոնից հրաժարվելուց ուղիղ մեկ օր անց, պնդում է՝ իր դեմ ճնշումներ չեն եղել, հրաժարականը ստիպողաբար չի տվել։

«Ես ընդամենը կարող եմ վստահաբար ասել, որ նման բան գոյություն չունի։ Իմ ազատումն ու ինքնաբացարկն իրար հետ կապ չունեն, ուղղակի համընկել է», - «Ազատությանն» ասաց Մանուչարյանը։

10 տարվա համայնքապետը երկու շաբաթ առաջ էր վերընտրվել իր պաշտոնում, չնայած արդեն մեկ տարի կալանավորված էր, նախընտրական քարոզչությանն էլ չէր մասնակցել։ Նրա գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը ստացել էր ձայների 51 տոկոսը, հիմնական մրցակիցը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 39 տոկոսը։

Մանուչարյանը հրաժարվում է մեկնաբանել՝ թե ինչպես եղավ, որ ազատ արձակվեց ինքնաբացարկից անմիջապես հետո։

«Եկեք որևէ հարցի էս պահին չպատասխանեմ», - ասաց Բերդի նախկին համայնքապետը։

Մանուչարյանը կալանավորվել էր պաշտոնեական դիրքը չարաշահելու և համայնքին էական վնաս պատճառելու մեղադրանքով։ Գործն արդեն դատարանում է։ Նրա պաշտպանը՝ Արման Թամրազյանը փաստում է՝ անցած մեկ տարում դատարանը մերժել է Մանուչարյանին գրավով ազատ արձակելու իրենց բոլոր միջնորդությունները, համարել, որ ազատության մեջ գտնվելով կարող է ազդել վկաների վրա, խանգարել նախաքննությանը։

Հոկտեմբերի 4-ի դատական նիստում արդեն վկաները հարցաքննվել են, նրանց վրա ազդելու հիմքերը՝ վերացել, ասում է փաստաբանը, միաժամանակ շեշտելով, թե Մանուչարյանին կալանքի տակ պահելու դատարանի առաջ քաշած հիմքերն ըստ էության ձևական էին։

«Ամեն դեպքում նախկինում էլ, թեև վկաները հարցաքննված չէին, այնուամենայնիվ էդ հիմքը ձևական գոյություն ուներ, քանի որ 5 վկա էին, 4-ի ցուցմունքն ընդհանրապես առնչվում էր մի դրվագի, որով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած են։ Ամեն դեպքում էդ ձևական հիմքն էլ վերացավ, և դատարանն այլ բան չէր կարող անել, քան բաց թողնել՝ կալանքից ազատ արձակել», - ասաց փաստաբանը։

Նույն օրը բանտից ինքնաբացարկ է տվել նաև «Զորավոր համայնք» դաշինքի երկրորդ համարը՝ Սամվել Հովսեփյանը, որ համայնքապետի տեղակալն է ու Մանուչարյանի կալանքի տակ եղած մեկ տարվա ընթացքում կատարել է համայնքի ղեկավարի պարտականությունները։

Նա, ինչպես նաև իր երկու թիմակիցները կալանավորվել են բոլորովին վերջերս՝ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ընտրությունների օրերին՝ իրենց ընտրական ցուցակում ընդգրկվելու հարկադրանքի և աշխատանքից ազատելու սպառնալիքի համար։

Դաշինքից ընտրված ավագանու անդամ Արամ Նիգոյանն ասում է՝ ավագանու առաջին նիստից առաջ իրենց երեք թիմակիցներ ազատազրկված էին և չէին կարող մասնակցել համայնքի ղեկավարի ընտրությանը, որ տեղի է ունենալու մեկ ամսից։ Ստիպված են եղել գնալ ինքնաբացարկների, որպեսզի ընտրողների 51 տոկոս քվե ստացած քաղաքական ուժը չզրկվի ավագանիում ունեցած ձայներից և հնարավորություն ունենա տեղական իշխանություն ձևավորել։

Թե ո՞վ կլինի Զորավոր համայնքի թեկնածուն առաջին երկու համարների ինքնաբացարկի դեպքում, դեռ չեն հայտնում։

Ինքնաբացարկներ են եղել նաև Լոռու մարզի Ալավերդի համայնքում։ Բայց արդեն ոչ թե ընդդիմությունից, այլ իշխանական կուսակցությունից են հրաժարականները։ Այստեղ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն էր գլխավորում «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակը։ Նա սեպտեմբերի 25-ին կայացած ընտրություններում «Ապրելու երկրին» պարտվելուց հետո հրաժարվել է մանդատից, կշարունակի իր պատգամավորական գործունեությունը։ Քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, թե ընտրվելու դեպքում պատգամավորի մանդատն է վայր դնելու։

«Քաղաքացիական պայմանագրում» Ալավերդու համայնքի ավագանու իրենց մանդատից հրաժարվել են անցողիկ տեղերի ևս երեք անդամներ։ «Ապրելու երկրից» հրաժարականներ չեն եղել։

Երկու օր առաջ «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում իշխանություններին մեղադրել էր Ալավերդիում իրենց կուսակիցներին «ահաբեկելու, համայնքի ղեկավարի ընտրությունները խաթարելու» մեջ։ «Ընտրություններից անմիջապես հետո մինչև այս պահը իշխանությունները՝ իրենց բոլոր ռեսուրսները (վարչական, ուժային, ֆինանսական, կրիմինալ) կենտրոնացրել են Ալավերդիում՝ ահաբեկելու մեր թիմակիցներին՝ նպատակ ունենալով խաթարել համայնքի ղեկավարի ընտրությունները, որի մասով ունենք հստակ համաձայնություն ՀԱԿ-ի հետ։ Իշխանությունների ստոր ու ճղճիմ գործելաոճը նորություն չէ», - գրել էր Թանդիլյանը։

Ալավերդու նորընտիր ավագանիում «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Ապրելու երկիրը» հավասար՝ 13-ական մանդատ ունեն։ Հայ ազգային կոնգրեսը հուշագրով խոստացել է իր մեկ մանդատով «Ապրելու երկրի» օգտին քվեարկել։ Այսօր որևէ մեկը չհաստատեց կուսակցության առաջնորդի պնդումներն իրենց նկատմամբ ճնշումների մասին՝ հորդորելով սպասել ևս երկու օր, երբ տեղի կունենա ավագանու առաջին նիստն ու համայնքի ղեկավար կընտրվի բաց քվեարկությամբ։

XS
SM
MD
LG