Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մոսկվա կմեկնի հունվարի 17-ին, նախօրեին հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահը համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կստորագրեն հունվարի 17-ին կայանալիք բանակցություններից հետո։
Լավրովը նշեց, թե համաձայնագիրն ուղղված չէ որևէ այլ երկրի դեմ։ «Այս համաձայնագիրը, ինչպես, ի դեպ, Հյուսիսային Կորեայի հետ մեր համաձայնագիրը, ուղղված չէ որևէ երկրի դեմ և ունի կառուցողական բնույթ՝ ամրապնդել Ռուսաստանի և Իրանի կարողությունները աշխարհի տարբեր մասերում»,- ասել է Լավրովը։
Ըստ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի՝ Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կնքվում է 20 տարի ժամկետով։
Դեսպանը նաև նշել է, որ համաձայնագրի ստորագրումից հետո այն պետք է վավերացվի Իրանի խորհրդարանի կողմից՝ չհստակեցնելով արդյոք հնարավոր է 20 տարի հետո ավտոմատ երկարաձգել համաձայնագիրը։
«Մինչև Իսլամական հեղափոխությունը [1979թ.], մեզ հաճախ էին պարտադրում պայմանագրեր, և մենք թույլ դիրքում էինք մնում: Բայց ներկայիս փաստաթուղթը հաշվի է առնում երկու կողմերի շահերը», - հավելել է նա:
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը կփոխարինի 2001-ին ստորագրված համագործակցության սկզբունքների մասին համաձայնագրին։ Նոր փաստաթղթի շուրջ աշխատանքներն ընթանում էին 2022 թվականից, անցյալ տարվա հունիսին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնության են եկել դրա տեքստի շուրջ, սակայն տեքստից մանրամասներ չեն հրապարակվում։
Ջալալին օրերս հայտարարեց, որ համաձայնագրում ներառված է 47 հոդված և ընդգրկում է բոլոր ոլորտները։