Մատչելիության հղումներ

Բերդում բանտից համայնքապետ է վերընտրվել «Զորավոր համայնք» կուսակցության թեկնածուն


Տավուշի մարզի Բերդում բանտից համայնքապետ է վերընտրվել «Զորավոր համայնք» կուսակցության թեկնածուն։ Արդեն մեկ տարի չարաշահումների մեղադրանքով կալանավորված համայնքապետ Հարություն Մանուչարյանը մոտ 1400 ձայնի առավելություն ունեցավ իր հիմնական մրցակցի՝ վարչապետ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ։

Կալանավորված համայնքապետի թիմն ինչպե՞ս հաջողեց 51 տոկոս ձայն ստանալ։ Ընտրողները կա՛մ գովաբանում են արդեն մեկ տարի փաստացի իր պարտականությունները չկատարող Մանուչարյանին ու 2012-ից ի վեր սահմանամերձ Բերդում կատարված բոլոր դրական փոփոխությունները նրա հետ կապում, կա՛մ նախընտրում լռել։

Համայնքապետի տեղակալ Սամվել Հովսեփյանը, որ հաղթած թիմի ընտրական ցուցակի երկրորդ համարն է ու Մանուչարյանի բանտարկությունից հետո կատարում է նրա պարտականությունները, ասում է՝ խոշորացված Բերդի բոլոր 17 բնակավայրերի վարչական ղեկավարները, որ հիմնականում նախկին գյուղապետեր են, ընդգրկված են իրենց ընտրական ցուցակում ու մի մարդու նման համախմբվել են հանուն կալանքի տակ գտնվող Մանուչարյանի։

«Մանուչարյանի կալանավորման ֆակտը էն էր, որ համախմբեց, լրիվ մեր վարչական ղեկավարները համախմբվեցին մի մարդու պես», - ասաց Հովսեփյանը:

2018-ի հեղափոխության օրերին Հանրապետականի անդամատոմսը վայր դրած պաշտոնյան ասում է՝ կուսակցականությունը Բերդում որոշիչ չի եղել անգամ համամասնական ընտրությունների դեպքում. «Մեր արժեհամակարգում կուսակցականությունը երևի 10-րդական, 20-րդական տեղում է: Ի՞նչ կուսակցություն, Հայաստանում կուսակցություն, չգիտեմ, կարող ա 1-2 հատ լինի, ի՞նչ կուսակցություն, մեր մոտ անձնավորված ընտրություններ են»:

Երկու հիմնական թեկնածուներն էլ վարչական լծակներ ունեին, մեկը համայնքի ղեկավարն էր, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն՝ սոցիալական ծառայության տարածքային կառույցի ղեկավարը։ Երկուսն էլ բացառում են, թե կարող էին վարչական ռեսուրսներ կիրառել, հարկադրել ընտրողներին։ Թեև քվեարկության նախորդող գիշերը «Զորավոր համայնք» կուսակցության երկու անդամ էր ձերբակալվել, այնուհետև կալանավորվել՝ գյուղական մանկապարտեզի տնօրենին իրենց ցուցակում ընդգրկվելու հարկադրանքի և աշխատանքից ազատելու սպառնալիքի համար։

Ըստ իրավապահների՝ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն ու Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավարն են նրան պարտադրել իրենց թիմակիցը դառնալ։

Անցած շաբաթ Բերդում միանձնյա իշխանություն ձևավորելու հնարավորություն ստացած Հարություն Մանուչարյանի քրեական գործն արդեն դատարանում է։ Մի քանի օրից կսկսվի դատաքննությունը։ Ըստ մեղադրականի, նա իր պաշտոնավարման տարիներին, դեռ 2015-2016 թվականներին «համապատասխան քայլեր չի ձեռնարկել որդու կողմից իրականացված ապօրինի շինարարությունը կանխելու ուղղությամբ, ինչի արդյունքում Բերդի համայնքային բյուջեին զգալի վնաս է պատճառվել»։

Սամվել Հովսեփյանը, որ այդ տարիներին ևս տեղակալ էր, ասում է՝ իրավապահները կորոշեն ճիշտն ու սխալը. «Նախ էդ արտոնություններն է կասկածի տակ, երկրորդն էլ՝ ես բացարձակ մասնակցություն չեմ ունեցել, ուղղակի փաստն էն է, որ 11 ամիս համարյա կալանքի տակ է ու դեռ դատապրոցես չի գնացել»:

«Քաղաքացիական պայմանագիրը» Բերդի ավագանիում 8 մանդատ կունենա՝ երեքով պակաս հաղթած կուսակցությունից։ ՔՊ թեկնածու Վահրամ Սուքիասյանը իր պարտությունը կապում է սեպտեմբերի 13-ին Հայաստանի սահմաններին ծավալված արյունալի միջադեպերի հետ։

«Ամեն դեպքում դա իմ գնահատականն է, որ էս դեպքերը սահմանային բացասական են անդրադարձել իմ ռեյտինգի վրա», - ասաց Սուքիասյանը:

Ինչպե՞ս հաղթեց կալանավորված թեկնածուն, արդյո՞ք ընտրողները չհավատացին առաջադրված մեղադրանքին։ Իշխանական թեկնածուն խուսափում է գնահատական տալ. «Անկեղծ ասած չեմ կարա պատասխանեմ էս հարցին, բայց ի բան հստակ է՝ պրոֆեսիոնալ, ընտրություններում հզոր թիմ ունեին, ընտրություններով անցած: Ամեն դեպքում մեր ժողովրդի տվածն ինձ համար գնահատական է, ընդունելի է, այլ հարց է, թե մինչև ընտրատեղամաս գնալն ինչ է եղել»:

Նախընտրական շրջանում իշխանական մամուլն ԱԱԾ իրենց աղբյուրին հղում անելով գրել էր, թե «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն Բերդում առնվազն 55 տոկոս աջակցություն ունի։ Վահրամ Սուքիասյանը հրաժարվեց նաև սա մեկնաբանել, ասաց՝ տեղյակ չէ՝ արվե՞լ էր նման հետազոտություն, ճի՞շտ էին հրապարակվել հարցման արդյունքները, կամ թե ինչո՞ւ նման հարցում պետք է աներ Ազգային անվտանգության ծառայությունը։

Բերդում բանտից համայնքապետ է վերընտրվել «Զորավոր համայնք» կուսակցության թեկնածուն
please wait

No media source currently available

0:00 0:05:31 0:00

XS
SM
MD
LG