Մատչելիության հղումներ

Թեհրանը պաշտոնապես իր բողոքն է փոխանցել Բաքվին


Տանկեր Իրանի բանակի զորավարժությունների ժամանակ, արխիվ
Տանկեր Իրանի բանակի զորավարժությունների ժամանակ, արխիվ

Թեհրանի և Բաքվի միջև շաբաթներ շարունակվող փոխադարձ մեղադրանքների ֆոնին Իրանի արտգործնախարարություն է կանչվել Ադրբեջանի դեսպանը։ Իսլամական հանրապետության դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ պատճառը Իրանի հասցեին ադրբեջանցի պաշտոնյաների ոչ-բարեկամական հայտարարություններն են:

Իրանի արտգործնախարարի օգնականը պաշտոնական Թեհրանի վճռական բողոք է հայտնել դեսպան Ալի Ալիզադեին՝ «Ադրբեջանի պաշտոնական անձանց ոչ-բարեկամական հռետորաբանության», ինչպես նաև ադրբեջանական լրատվամիջոցներում հակաիրանական քարոզչության կապակցությամբ, հաղորդում է Իրանի արտգործնախարարության մամլո ծառայությունը:

Թեհրանն ակնկալում է, որ Բաքուն հնարավորինս կարճ ժամկետներում վերջ կտա այդ քայլերին և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի դրանց կրկնությունը կանխելու համար։

Աղբյուրի համաձայն՝ Ադրբեջանի դեսպանը, ափսոսանք հայտնելով ստեղծված իրավիճակի համար, խոստացել է «անհապաղ» իր երկրի իշխանություններին փոխանցել Թեհրանի բողոքը:

Հաղորդագրությունում չի նշվում, թե Ադրբեջանից հնչած որ հայտարարություններն են հարուցել Իրանի իշխանությունների զայրույթը։

Պաշտոնական Թեհրանի բողոքի նոտային նախորդել է Շուշիում Իլհամ Ալիևի աղմկահարույց ելույթը։ Դրանում Ադրբեջանի նախագահը թեև Իրանի անունը չի հիշատակել, բայց խոսքն ակնհայտորեն ուղղել էր հարավային հարևանին:

«Այստեղ թելադրողը մենք ենք, այստեղ հիմնական ուժը մենք ենք։ Մեր բանակը հերոսություն, պրոֆեսիոնալիզմ, անձնազոհություն է դրսևորել։ Եթե պետք լինի, նորից ցույց կտանք և կհասնենք ցանկալիին։ Դա գիտեն բոլորը, դա պետք է իմանան նաև նրանք, ովքեր մեր սահմաններին զորավարժություններ են անցկացնում ի աջակցություն Հայաստանի։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել», - երեքշաբթի օրը հայտարարում էր Ալիևը:

Ադրբեջանի սահմաններին զորավարժություններ էր անցկացրել իրանական բանակը՝ 44-օրյա պատերազմից ի վեր Իրանի զինված ուժերի թվով երրորդ վարժանքները Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում:

Իրանի և Հայաստանի սահմանների երկայնքով Նախիջևանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցք կառուցելու Բաքվի պլաններին Թեհրանում չեն համակերպվում: Ինչպես վերջին վարժանքների ընթացքում, այնպես էլ դրանցից առաջ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակաբար կրկնում է , որ չեն հանդուրժի պատմական սահմանների և հայ-իրանական տարանցիկ ճանապարհների որևէ փոփոխություն:

Ուժի ցուցադրությունից բացի՝ փոխադարձ ծանր մեղադրանքներ

Թեհրանի և Բաքվի միջև տարաձայնություններն ուժի ցուցադրությունից բացի նաև փոխադարձ ծանր մեղադրանքներով են ուղեկցվում։

Վերջին օրերին Բաքուն հայտարարեց, թե երկրում իրանական հատուկ ծառայությունների ենթակայության տակ գործող զինված խմբավորում է բացահայտել։ Թեհրանն էլ պնդում է, որ Շիրազ քաղաքում 15 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակման ետևում Ադրբեջանի քաղաքացիներ են կանգնած։

Անջատողական բացահայտ կոչեր Բաքվից՝ «Հարավային Ադրբեջանին»

Զուգահեռաբար, ադրբեջանական մամուլը, այդ թվում՝ պետական կամ իշխանական լրատվամիջոցներ, Իրանի ադրբեջանական համայնքին անջատման բացահայտ կոչեր են ուղղում։

«Ժամանակը եկել է․ Հարավային Ադրբեջանը պետք է դուրս գա Իրանի կազմից», - գրում է Caliber.az իշխանական պարբերականը՝ շարունակելով․ - «Հարավային եղբայրներ, գիտենք, դուք կարող եք։ Ժամանակը եկել է»:

«Հարավային Ադրբեջանն անկախության է ձգտում», - այս վերնագրի ներքո իշխանությունների հետ սերտ կապերը չթաքցնող Haqqin.az լրատվական կայքն էլ գրում է, որ Բաքուն պատրաստ է աջակցել Իրանի ադրբեջանական համայնքի անջատման գործընթացին։ «Ադրբեջանի կառավարությունն ունի բավարար ռեսուրսներ, որպեսզի աջակցի ազգային-ազատագրական նոր ալիքին», - հավաստիացնում է պարբերականի անանուն հոդվածագիրը։

Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունն էլ անցած օրերին հյուրընկալել է այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի առաջնորդ» Մահմուդալի Չեհրաղանլիին, որն Az TV-ի եթերում հայտարարում էր, թե «մոլլաների պարսկա-ֆաշիստական ռեժիմը» մոտենում է ավարտին։

XS
SM
MD
LG