Մատչելիության հղումներ

Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլև ավելացնում է. Ռաիսի


«Օտարների միջամտությունը տարածաշրջանային հարցերին ոչ միայն չի լուծում խնդիրները, այլև ավելացնում է դրանք», - այսօր Հայաստանի վարչապետի հետ բանակցություններին հաջորդած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի նախագահը։ Էբրահիմ Ռաիսին, սակայն, չի հստակեցրել, թե ում նկատի ունի։

Պաշտոնական Թեհրանը այս հայտարարությունները հնչեցնում է Հայաստան եվրոպական քաղաքացիական առաքելության տեղակայման ֆոնին։

«Անվտանգության և խաղաղության հաստատումը Կովկասյան տարածաշրջանում շատ մեծ կարևորություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար: Փաշինյանի հետ ունեցած բանակցություններում մենք եկանք եզրակացության, որ տարածաշրջանի հարցերը, խնդիրները պետք է անպայման տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն: Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլ խնդիրներն ավելացնում է», - ասել է Ռաիսին բանակցություններին հաջորդած ճեպազրույցի ընթացքում։

Սոչիի եռակողմ հանդիպումից անմիջապես հետո աշխատանքային այցով Թեհրան մեկնած Հայաստանի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ կարևոր է համարում՝ «իրանցի գործընկերները տեղեկացված լինեն, թե ինչ է տեղի ունենում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում»։

«Մենք ընդգծում և գնահատում ենք Իրանի սկզբունքային դիրքորոշումները տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման առումով: Ես պարոն Ռաիսիին պատմել եմ երեկ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների մասին և կիսել եմ իմ տպավորությունները տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու օրակարգի և ընթացիկ գործընթացների շուրջ» - ասել է Փաշինյանը։

Ռաիսին դարձյալ ընդգծել է, որ Իրանի համար տարածաշրջանում կայունությունը շատ մեծ կարևորություն ունի, նշելով, որ Կովկասյան տարածաշրջանն Իրանի պատմական անցյալի և քաղաքակրթության մի մասն է։

Անդրադառնալով տնտեսական համագործակցության հարցերին՝ Իրանի նախագահը նշել է, որ նախորդ ամիսներին Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում ունեցել են 43 տոկոսի աճ, բայց նպատակ են դրել առևտրաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի:

Թեհրան մեկնած պատվիրակության կազմում էր նաև Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որն Իրանի նավթի փոխնախարար, Գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենիի հետ ստորագրել է Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

«Ես ուրախ եմ, որ այցը կոնկրետ արդյունք ունի և ստորագրվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման վերաբերյալ հուշագիր: Այնպես որ, պարոն նախագահ, բոլոր հիմքերը կան՝ այցը արդեն իսկ հիշարժան համարելու, և ես ուրախ կլինեմ Ձեզ հարմար ժամանակաշրջանում հյուրընկալել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում», - ասել է Հայաստանի վարչապետը:

Հայաստանի վարչապետի ու Իրանի նախագահի վերջին հանդիպումը Նյու Յորքում էր՝ սեպտեմբերի 22-ին։ Էբրահիմ Ռաիսին շեշտել էր՝ տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիությունը՝ ընդգծելով, որ Իրանի դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի։

Այս հանդիպմանը հաջորդել էր Իրանի արտգործնախարարի այցը Հայաստան, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Կապանում մասնակցել էր Իրանի գլխավոր հյուպատոսության բացմանը։ Փաշինյանն այսօր շնորհակալություն հայտնեց հյուպատոսարանի բացման համար՝ այդ քայլը համարելով «հարաբերությունների դրական զարգացում»։

«Իրանը խիստ մտահոգված է 3-րդ ուժերի մուտքով մեր տարածաշրջան». Քոչինյան

Փաշինյանի այս արագ կազմակերպված այցի նպատակը, ըստ քաղաքական մեկնաբան Արեգ Քոչինյանի, Թեհրանի տեսանկյունից սեփական անհանգստությունների մասին անձամբ Հայաստանի ղեկավարին հայտնել էր։ «Իրանը խիստ մտահոգված է 3-րդ ուժերի մուտքով մեր տարածաշրջան»,- կարծում է Քոչինյանը։

«Հենց դրանով է պետք բացատրել Իրանի որոշ չափով աջակցությունը ռուսական օրակարգին, ռուսական պլատֆորմին, որ մենք վերջերս տեսնում ենք և մտահոգությունը իրանական կողմը ցանկացել էր, ըստ էության, հայտնել Հայաստանին առերես, եթե հնարավորություն ունենան նաև խոչընդոտել ոչ տարածաշրջանային ուժերի՝ Միացյալ նահանգների և Եվրամիության հավելյալ քաղաքական և անվտանգային ներգրավվածությանը տարածաշրջանային հարցերին», - ընդգծեց նա:

Այնուամենայնիվ, քաղաքական մեկնաբանը կարծում է, որ Հայաստանի գլխավոր անելիքը սեփական անվտանգային խնդիրները լուծելն է, եթե անգամ դրա եղանակները կարող են դուր չգալ հարևաններից մեկին կամ մյուսներին։

XS
SM
MD
LG