Բաքու - Թեհրան փոխադարձ մեղադրանքներն ուժգնանում են․ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը այժմ էլ փնտրում է Նախիջևանում իրանական զորք տեղակայելու կոչեր հնչեցնող «սադրիչներին»։
Երեկ ուշ երեկոյան ադրբեջանական գերատեսչությունը հայտարարություն է հրապարակել, որում պնդում է, թե վերջերս համացանցում Նախիջևանի բնակիչների անունից ինքնավար հանրապետությունում իրանական զորք տեղակայելու, Նախիջևանն Իրանին միացնելու մասին Թեհրանին ուղղված խնդրանքներ են տարածվում ՝ «անվտանգության, գիտության, սննդի լուրջ դժվարությունների պատճառով, որոնց իբր բախվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի իշխանությունների մեղքով»։
Թե ովքեր են կանգնած պաշտոնական Բաքվի բնորոշմամբ այդ «սադրանքների» ետևում, հաղորդագրությունում չի նշվում։ Գերատեսչությունը, սակայն, ակնարկում է՝ իրեն հայտնի են այդ շրջանակները։
«Մեր երկրի նկատմամբ թշնամաբար տրամադրված հայտնի շրջանակների կողմից նման անիմաստ և սադրիչ տեղեկատվության տարածումն անընդունելի է ու մեր քաղաքացիների մոտ զզվանք է առաջացնում», - հայտարարում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը՝ ընդգծելով, որ Նախիջևանը Ադրբեջանի անքակտելի մասն է:
Ադրբեջանի այս պնդումները հաջորդում են Իրանի իրավապահների հայտարարությանը, որի համաձայն՝ հոկտեմբերի 26-ին Շիրազում՝ Շահ Չերաղի դամբարանում ահաբեկչական գրոհը համակարգել է Ադրբեջանի քաղաքացի, որը կապեր ուներ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Շահ Չերաղի մզկիթում ահաբեկչության հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ: Ըստ իրանական պաշտոնական աղբյուրների՝ արյունալի հարձակման գործով ձերբակալված ավելի քան երկու տասնյակ անձանց թվում նաև Ադրբեջանի քաղաքացիներ են։
Պաշտոնական Բաքուն այս մեղադրանքներին հրապարակավ չէր արձագանքել։
Մինչ այդ, անցած շաբաթ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են երկրում իրանական հատուկ ծառայությունների ենթակայության տակ գործող զինված ցանցի բացահայտման մասին։ Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը պնդում էր, որ Իրանի հատուկ ծառայությունները հավաքագրել են Ադրբեջանի առնվազն 19 քաղաքացիների, նրանց երրորդ երկրներով տեղափոխել նախ Թեհրան, այնտեղից էլ՝ Սիրիա, որտեղ իբր հատուկ ռազմական պատրաստություն են անցել։
Հարևան երկրների միջև այս փոխադարձ մեղադրանքները հնչում են Թեհրանի և Բաքվի միջև քաղաքական տարաձայնությունների ֆոնին, որոնք ուղեկցվոմ էին Իրանի և Ադրբեջանի զինված ուժերի՝ մեկը մյուսին հաջորդած լայնածավալ զորավարժություններով։
Սահմանակից պետությունների միջև հարաբերություններում լարվածությունը չի թուլանում Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից ի վեր։ Այն ժամանակ Թեհրանը Բաքվին մեղադրում էր իր սահմաններին «սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչներ» և սիրիացի զինյալների տեղակայելու համար։ Այժմ էլ Իրանի իշխանությունները շարունակաբար կրկնում են, որ չեն հանդուրժի պատմական սահմանների և հայ-իրանական տարանցիկ ճանապարհների որևէ փոփոխություն։ Այս մտահոգություններն Իրանից ամենաբարձր մակարդակով պարբերաբար հնչում են Իրանի և Հայաստանի սահմանների երկայնքով Նախիջևանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցք կառուցելու Բաքվի պլանների ֆոնին: