Կովկասի խնդիրների լուծման ճանապարհն անցնում է տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներով, այլ ոչ թե արտատարածաշրջանային ուժերին դիմելու միջոցով, ըստ MEHR գործակալության, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության ֆոնին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին։
Իսլամական Հանրապետությունը մշտապես շեշտը դրել է հարևանների կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության վրա, ասել է ԱԳՆ խոսնակը:
Նա հավելել է, որ Իսլամական Հանրապետությունը ևս մեկ անգամ իր պատրաստակամությունն է հայտնում՝ օգնելու տարբեր ձևաչափերով լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները, այդ թվում՝ երկկողմ, եռակողմ, ինչպես նաև «3+3» ձևաչափով համագործակցության մեխանիզմով։
«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Մոսկվայում 2021-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ առաջին նիստը՝ «3+2» ձևաչափով։ Վրաստանը հրաժարվեց մասնակցել նիստին՝ հայտարարելով, թե հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թեհրանի կողմից Երևանին չափազանց մեծ աջակցություն ցուցաբերելու մեղադրանքին, Քանանին ասել է․ - «Մեր սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա»։
ԱԳՆ խոսնակը միևնույն ժամանակ շեշտել է՝ Իրանը չի ամրապնդում իր կապերը մի հարևանի հետ՝ ի վնաս մյուսի։
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմանների երկայնքով վերջերս տեղի ունեցած զորավարժություններին՝ Քանանին ասել է, որ նորմալ և նախապես ծրագրված քայլ էր, ինչի մասին ավելի վաղ պաշտոնական ուղիներով «տեղեկացրել էին շահագրգիռ հարևաններին»։
Իրանը հոկտեմբերի կեսերին լայնածավալ զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում՝ Արաքս գետի շրջակայքում, դրանց մասնակցում էին Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը։ Ղարաբաղյան վերջին՝ 44-օրյա պատերազմից հետո սա Իրանի զինված ուժերի երրորդ լայնածավալ զորավարժությունն էր Ադրբեջանի հետ սահմանակից այս շրջաններում։ Լրատվամիջոցները փաստում են, որ վարժանքները սկսվել են հայ-ադրբեջանական լարվածության ֆոնին։ Ավելի վաղ Իրանի նախագահն Ադրբեջանի առաջնորդին կրկին զգուշացրել էր, որ Թեհրանը չի հանդուրժի պատմական սահմանների և հայ-իրանական տարանցիկ ճանապարհների որևէ փոփոխություն։