Tesla և SpaceX ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկը 44 մլրդ դոլարով ձեռք է բերել Թվիթերը՝ գործարքից անմիջապես հետո հեռացնելով ընկերության բարձր ղեկավարությանը։
Ամերիկացի միլիարդատերը և նորարարը Թվիթերի իր միկրոբլոգում ավելի վաղ նշել էր, որ ընկերության ղեկավարն է։
«Թռչունն ազատված է», - գրել է նա Թվիթերում։
Մասկն ավելի վաղ ասել էր, որ սոցիալական ցանցը, որն ինքը հաճախ է քննադատել, պետք է մասնավորեցվի արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու համար: Սակայն, նա դեռ մանրամասներ չի ներկայացրել, թե ինչպես է հասնելու այդ ամենին և ով է ղեկավարելու ընկերությունը։
Մասկը հայտնել է, որ ծրագրում է կրճատել ընկերության աշխատատեղերը։ Նա նաև ասել է, թե գնել է Թվիթերը ոչ թե ավելի շատ փող աշխատելու, այլ «փորձելու օգնել մարդկությանը, ում սիրում եմ»:
Մասկը պաշտոնանկ է արել Թվիթերի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալին, ֆինանսական տնօրեն Նեդ Սիգալին և իրավական հարցերով և քաղաքականության ղեկավար Վիջայա Գադեին՝ խնդրին ծանոթ մարդկանց:
Նա նրանց մեղադրել է իրեն և Թվիթերի ներդրողներին հարթակում կեղծ հաշիվների քանակի հետ կապված մոլորության մեջ գցելու համար։
Մասկը, ով նաև ղեկավարում է SpaceX հրթիռային ընկերությունը, ծրագրում է դառնալ Թվիթերի գործադիր տնօրենը գործարքը վերջնականապես ավարտին հասցնելուց հետո, ինչպես նաև նախատեսում է չեղարկել օգտատերերի մշտական արգելքները, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին: