Մատչելիության հղումներ

Space X-ը խնդրել է Պենտագոնին ստանձնել Ուկրաինայում Starlink-ի տերմինալների ֆինանսավորումը․ СNN


Իլոն Մասկ
Իլոն Մասկ

Իլոն Մասկին պատկանող Space X ընկերությունը սեպտեմբերին ԱՄՆ պաշտպանության նախարարությանը նամակ է ուղարկել, որում հայտարարել է, որ այլևս չի կարող վճարել Ուկրաինա ուղարկված Starlink արբանյակային կապի տերմինալների համար, և խնդրել է Պենտագոնին ստանձնել ֆինանսավորումը, հայտնում է ամերիկյան СNN-ը։

Մասկը Թվիթերում գրել էր, որ այդ տերմինալների գործունեության համար իր ընկերությունը ամսական մոտ 20 միլիոն դոլար է ծախսում։

Պատերազմի մեկնարկից ի վեր SpaceX-ը մոտ 20 հազար Starlink տերմինալ է մատակարարել Ուկրաինային։ Դրանք թույլ են տալիս կապի մեջ մնալ այնպիսի պայմաններում, երբ ինտերնետին միանալու այլ մեթոդները չեն գործում։

«Մենք ի վիճակի չենք հետագայում էլ զոհաբերենք տերմինալներն Ուկրաինային կամ ֆինանսավորենք գործող տերմինալներն անորոշ ժամանակով»,- CNN-ի փոխանցմամբ, ասվում է Space X -ի նամակում։

Վերջերս ամերիկացի գործարար Իլոն Մասկը Թվիթերում հարցում էր անցկացրել Ուկրաինայում խաղաղ կարգավորման հնարավոր ուղիների կապակցությամբ։ Նա, մասնավորապես, առաջարկել էր միջազգային վերահսկողության ներքո հանրաքվեներ անցկացնել Ռուսաստանի կողմից բռնակցված տարածքներում։

Մասկի այս առաջարկին կոշտ են արձագանքել ոչ միայն Ուկրաինայի ներկայացուցիչները այլև ամերիկացի պաշտոնյաներ։

XS
SM
MD
LG