Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը վաճառել է իր կողմից հիմնադրված Tesla ընկերության բաժնետոմսերի մի մասը։ Միացյալ Նահանգների Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի համաձայն` Մասկը օգոստոսի 5-ից 9-ը ընկած ժամանակահատվածում վաճառել է Tesla-ի շուրջ ութ միլիոն բաժնետոմս՝ 6,9 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով։
Twitter-ում արված գրառման մեջ Իլոն Մասկը նշել է, որ այս քայլին է դիմել՝ ցանկանալով խուսափել Tesla-ի բաժնետոմսերի շտապ վաճառքի հեռանկարից։ Միլիարդատիրոջ խոսքով` նման անհրաժեշտություն կարող է ծագել այն դեպքում, եթե ամերիկյան դատարանն, այնուամենայնիվմ բավարարի Twitter-ի հայցը՝ պարտավորեցնելով իրեն գնել ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։
Tesla-ի հիմնադրի և Twitter-ի ղեկավարության միջև տարաձայնությունները ծագեցին այն բանից հետո, երբ Մասկը նախ հայտարարեց սոցիալական ցանցը 44 միլիարդով գնելու մտադրության մասին, ապա շաբաթներ անց հրաժարվեց այդ գաղափարից։ Որպես իր քայլի շարժառիթ Իլոն Մասկը մատնանշում էր Twitter-ի կողմից տրամադրվող տեղեկատվության պակասը։ Իլոն Մասկի դեմ Twitter-ի ներկայացրած հայցով լսումները մեկնարկելու են հոկտեմբերին։