Ամերիկացի մեծահարուստ Իլոն Մասկը Թվիթերում գրել է, թե չի պատրաստվում գնել «Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը, և «կատակ» է անվանել համացանցում այդ մասին տեղ գտած ասեկոսեները:
«Սա Թվիթերում տարածվող հին կատակ է: Ոչ, ես սպորտային թիմեր չեմ գնում», - գրել է Մասկը:
Tesla, SpaceX և այլ ընկերությունների հիմնադիր ու սեփականատեր, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Մասկը հայտնի է իր թվիթերյան անակնկալ գրառումներով:
«Մանչեսթր Յունայթեդ»-ն այժմ պատկանում է ամերիկացի մեծահարուստ Մալքոլմ Գլեյզերի ընտանիքին: Անցյալ տարի ընտանիքը հայտնել է, թե պատրաստ է 4 միլիարդ 800 միլիոն դոլարով վաճառել ակումբը:
«Մանչեսթր Յունայթեդ»-ի երկրպագուներից շատերը Մասկին կոչ են արել «Թվիթեր» ընկերությունը գնելու փոխարեն ակումբը գնել, ինչից հետո համացանցում լուրեր են տարածվել, թե մեծահարուսն իբր կարող է բավարարել երկրպագուների խնդրանքը:
«Մանչեսթր Յունայթեդ»-ը Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենահայտնի և հեղինակավոր թիմերից մեկն է, 20 անգամ դարձել է չեմպիոն, երեք անգամ շահել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների գավաթը, մեկ անգամ Եվրոպայի Լիգայի գավաթն է նվաճել, ստացել է բազում այլ մրցանակներ:
Վերջին շրջանում թիմը հաջողություններ չի գրանցել, մինչդեռ «Մանչեսթր Յունայթեդ»-ի «ոխերիմ» մրցակից «Մանչեսթր Սիթի»-ն վերջին երկու մրցաշրջաններում դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն: